Fri. Jul 18th, 2025

Վաղ առավոտից Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկի մանկահասակ երեխայի ինքնազգացողությունը վատացավ:

«Նկարեք, թող էս քրջերը տեսնեն, որ հիվանդ երեխեն էլ է պայքարում մեզ հետ: Պետությունը թող տեսնեի, որ երեխես արդեն որերորդ անգամ վատանում է, բա սա պետությո՞ւն է: Ո՞ւմ համար ենք մեծացնում այս ապագա զինվորներին, որ հիմա տիրություն չեն անում ապագա զինվորներին, վաղը տանեն բանակ՝ ի՞նչ պետք է անեն»,- ասաց անչափահաս տղայի մայրը՝ Ռուզաննա Պողոսյանը:

Երեխային տեղում օգնություն ցուցաբերեցին ակցիայի մասնակից կանայք:

Շուրջ 4 ժամ տևեց ակցիան, բայց այդ ընթացքում ՊԵԿ-ից որևէ մեկն  այդպես էլ չմոտեցավ քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:

Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող  մարդկանց դուրս հանել։

Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է: