Tue. Sep 2nd, 2025

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող  ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:  Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: 

Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: 

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք: