Sat. Sep 13th, 2025

Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցությունները՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

Պատասխանելով Մոսկվայում հանդիպման արդյունքների մասին հարցին՝ նախարարը կրկին ընդգծեց Հարավային Կովկասում երկարատեւ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, ինչպես նաեւ ընդգծեց հայկական կողմի կառուցողական վերաբերմունքը։ Միաժամանակ Միրզոյանը հստակեցրեց, որ Հայաստանը չի կարող միակողմանիորեն կառուցողական դարձնել ողջ գործընթացը, հակառակ կողմից կառուցողական մոտեցում է պետք։

Արտգործնախարարը արձանագրեց, որ ինտենսիվ հանդիպումների փուլ է եղել՝ Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա։ Նրա խոսքով, ամերիկյան մայրաքաղաքում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է համաձայնության գալ պայմանագրի եւս երկու հոդվածի շուրջ։ «Եվս մի քանիսի շուրջ, հուսով եմ, եւ սա միայն իմ գնահատականը չէ, կա համաձայնության գալու հնարավորություն։ Բայց կան հոդվածներ, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները շատ տարբեր են, դրանք վերաբերում են ամենաբարդ հարցերին»,- հայտարարեց նախարարը։

Արտգործնախարարը նշեց Հայաստանի համար սահմանազատման խնդրի կարեւորությունը։ «Շատերի գնահատմամբ՝ կողմերի դիրքորոշումները առավել մոտ են հաղորդակցության հարցերում։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մենք պատրաստ ենք եւ շահագրգռված ենք հաղորդակցությունների բացման հարցում՝ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով»,- ընդգծեց նախարարը՝ հիշեցնելով, որ հաղորդակցությունների բացումը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային լոգիստիկայի տեսանկյունից։