Sat. Sep 13th, 2025

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե,  իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ: Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին  ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:

Նախօրեին Փաշինյանը Տավուշում հայտարարել էր՝ «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է  նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում  նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»: