Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ես Ազգային անվտանգության ծառայող եմ եղել։ Ես այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը, ոնց ուզում եք անվանեք, դերակատարություն չեմ ունեցել։ Իսկ թե ով է մեղավոր, որ նա եկավ իշխանության, այդ հարցի պատասխանը յուրաքանչյուրը թող իր մեջ ման գա։
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում «Արցախը Երևանի կենտրոնում» միջոցառման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Այո, յուրաքանչյուրը պիտի իր մեջ փնտրի՝ ով էր դրա մեղավորը։ Հիմա անգամ արդեն մոդայիկ չէ ասել՝ մենք եղել ենք փողոցում, փողոց ենք փակել, պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ աջակցելով Փաշինյանին։ Լավ, բա ովքեր էին այդ դեպքում այդ ժամանակ փողոցում։ Հիմա ում հարցնում ես, ասում է՝ մենք փողոցում չենք եղել, բա ո՞վ է եղել, հարց եմ տալիս, բա ու՞ր են այդ մարդիկ»,- հավելեց նա։
