Այս կինն ապրում է մենակ: Նա ունի տղաներ ու թոռներ, սակայն նրանցից ոչ մեկ իր կողքին չէ: Նրանք ոչ միայն թողել ու հեռացել են, այլ նույնիսկ չեն զանգահարում, որ իմանան իրենց ծեր մայրն ինչպես է, կենդանի՞ է, թե՝ ոչ: Տղաներից մեկն ապրում է Հոլանդիայում՝ ամուսնացել է օտարերկրացու հետ ու տարիներ առաջ հեռացել երկրից, իսկ մյուսը՝ ԱՄՆ-ում է ու անհայտ է, թե ինչով է զբաղված: Կինը գիտի, որ Հոլանդիայում ապրող տղան երեխաներ ունի, սակայն երբեք ոչ տեսել է նրանց, ոչ խոսել նրանց հետ: Երազում է, որ մի օր կտեսնի թոռներին ու կգրկի:

Հարցին, թե ինչու որդիները կապը չեն պահում իր հետ, կինը պատասխանեց՝ ում եմ ես պետք՝ ծեր ու անօգնական, նրանք իմ գոյության մասին չեն էլ հիշում: Սակայն ծեր տատիկը չարացած չէ: Իսկ այն, ինչ մենք տեսանք նրա տան մի անկյունում, մեզ ուղղակի ապշեցրեց: Սենյակի մի անկյունում սրբապատկերներ ու մոմեր էին շարված, դրված էին նաև երկու տղաների լուսանկարներ: Հարցրեցինք, թե ովքեր են, տատիկը կամաց պատասխանեց՝ որդիներս:

Պարզվում է՝ տատիկն ամեն օր երեկոյան՝ քնելուց առաջ, աղոթում է իր զավակների բարօրության համար, Աստծուց ողորմություն խնդրում իր տղաների ու թոռների համար: Նրան նույնիսկ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ որդիներն իրեն մենակ են թողել, նա ասում է, որ նրանք միևնույնն է իր զավակներն են ու նա Աստծուն միշտ խնդրում է, որ նրանց մոտը փուշ չմտնի:
