Վստահաբար, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելուց ավելի կարեւոր հարցեր կան աշխարհում, բայց ՔՊ-շնիկները կախվել են Թովմասյանի «փեշերից»՝ բառիս բուն եւ քաղաքական իմաստով: Է՛լ ստորագրահավաք, է՛լ ՔՊ խմբակցության նիստ… Ստորագրություն հավաքողն էլ ո՞վ է՝ Հովիկ Աղազարյանը: Գոնե մի կարգին ՔՊ-շնիկ լիներ՝ նախկինում այլ կուսակցության անդամ չեղած, կարտոֆիլի պարկը շուռ չտված, մեսինջերում քֆուրներ չգրած… Իսկ զավեշտն այն է, որ Թագուհի Թովմասյանի ներկայությամբ Էդգար Ղազարյանի հայտարարությունից, թե՝ Հայաստանում 2018-ին թուրք-ադրբեջանական հեղափոխություն է տեղի ունեցել, ամենաշատը նեղվել է կիսաքպշնիկ Աղազարյանը: Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ, նեղվե՞լ է, թե՞ իրեն բզել են, որ նեղվի: Քյոհնա ՔՊ-շնիկները, Նիկոլից բռնած, սարսափելի աֆերիստ են, ախր, ու նրանց Հովիկ Աղազարյանի նման անմեղ քյարփիջներ են պետք, որ նման իրավիճակներում առաջին պլան բերեն…
Կամ՝ այդ ի՞նչ էր ասել Էդգար Ղազարյանը, որ մի հատ էլ Թագուհի Թովմասյանը պիտի նկատողություն աներ: Քանի՞ ՔՊ-շնիկ հանձնաժողովի նախագահ ունեք ԱԺ-ում՝ նրանցից գեթ մեկը գեթ մեկ անգամ համարձակվեց ճիշտ խոսքին ընդդիմանալ, ու առը հա, «կերավ աշկին»: Բա ինչո՞ւ այդ նախագահին չասացիք, որ չի կարելի նիստի ժամանակ ճվճվալ ընդդիմադիրների վրա:
Այնպես որ, Թագուհի Թովմասյանը, հնարավոր է, հենց «ինքնապաշտպանական» մղումներով չի լռեցրել իր կողքը նստած Էդգար Ղազարյանին: Հիմա դուք էդ կնոջից ի՞նչ եք ուզում, առանց նույնիսկ նրան լավ ճանաչելու: Թագուհի ջան, հանձնվել չկա, անկցի Նիկոլը, յա թե չէ Հովիկ Աղազարյանը: Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի բնորոշմանը, ապա մի անգամ ասել եւ դարձյալ ասում եմ, որ քաղաքագիտորեն նա անսխալ բնորոշում է տվել, այսպես կոչված, թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությանը, որ Հայաստանում տեղի ունեցավ 2018-ի այս օրերին: Հեղափոխությունները, ճիշտ է, երբեմն տեղի են ունենում ժողովրդական զանգվածների ձեռքով, բայց դրանց բնույթն ու ինչ լինելը, որպես կանոն, որոշվում է դրված նպատակներով: Ի՞նչ նպատակներ էր իր առջեւ դրել Նիկոլի հեղափոխությունը: Այս հարցին պատասխանելու համար հեռուն գնալ պետք չէ: Ընդամենը նայենք շուրջներս ու կտեսնենք, որ դա Արցախն Ադրբեջանին հանձնելու, Թուրքիային տարածաշրջան հրավիրելու եւ մեծ թուրանական ծրագիրը գործողության մեջ դնելու հեղափոխություն էր: Իսկ մնացածը՝ նախկինների մերժում, ժողովրդավարություն, ազատություններ, մարդու իրավունքներ, ապագա՝ ընդամենը խաղողի ողկույզներ էին, որ Նիկոլը կախեց զանգվածի ականջներից ու տարավ իր հետեւից: Էդգար Ղազարյանը, միանշանակ, այդ զանգվածին նկատի չուներ՝ թուրք-ադրբեջանական ասելով: Ով-ով, բայց Էդգար Ղազարյանը լավ գիտեր, որ ճիշտ է, փողոցում «գմփ-գըմփ, հու» անողները հայեր են եղել, բայց նրանց փողոց հանողների նպատակներն ադրբեջանաթուրքական էին: Այնպես որ, Ղազարյանն ասել է այն, ինչ կա, ու եթե Թ․ Թովմասյանը նրան լռեցներ, դա կնշանակեր լռեցնել քաղաքագիտական ճշմարտությունը:
Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ դեմ են եղել Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելուն, վստահ, որ դա վատ կանդրադառնա իրենց իմիջին. դրսից կասեն՝ հո դուք էշ չեք, արա, բավական չէ ՔՊ-շնիկ դատախազին նշանակել եք ՄԻՊ, մի հատ էլ ԱԺ ՄԻ հանձնաժողովի նախագահի՞ց եք ուզում ազատվել: Հնարավոր է նաեւ հետաքրքրվեն՝ իսկ ստորագրություններ հավաքողն ո՞վ է եղել: Եվ այդ դեպքում արդեն ողջ «ճշմարտությունը» կելնի ջրի երես՝ Նիկոլով, Աղազարյանով, ԱԺ Մի հանձնաժողովի քարտուղարով, բանով: Ուստի ես ՔՊ-ին կհորդորեի ձեռնպահ մնալ այս թամաշայից եւ ցույց տալ՝ իբր ոչինչ չի եղել: Քի՞չ դեպքերում են այդպես վարվել:
Հապա հիշեք, թե ինչեր տեղի ունեցան Քոչարյան Անդոյի հանձնաժողովում, որտեղ ընդդիմությունը չկարողացավ անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ ունենալ: Եվ դրանից հետո ո՞ւմ էր պետք այդ հանձնաժողովը, որ կոչվում է «պաշտպանության եւ անվտանգության»: Շուտով կլրանա Քոչարյան Անդոյի 5 տարին՝ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, բայց դեռ 5 բառ չի ներկայացրել, թե ինչով է զբաղված եղել այդ ընթացքում: Երկու պատերազմ են վստահել նրան, որ հանգամանքները քննի: Երկուսի քննությունն էլ տապալել է, երկու պատերազմն էլ վերածել խեղկատակության: Հրեն՝ Դավիթ Տոնոյանն էլ բերդից է գրել, որ ինքն այդ հանձնաժողովին «ասելու» չունի: Հովիկ Աղազարյան ջան, բա դու սրանից չես նեղվո՞ւմ, «բռատ», ինչո՞ւ մի ստորագրահավաք էլ չես կազմակերպում Քոչարյան Անդոյին գործից հանելու համար: Ընդդիմության ստորագրությունները երաշխավորում եմ, ՔՊ-ից մի քանի ստորագրություն էլ դու կպոկես, ու հարցը կլմննա, ապեր:
Օֆ դե եսիմ: Լավրովը ՄԱԿ-ում Արեւմուտքին պարկեշտության կոչ է արել, ԱՄՆ-ին եւ նրա հաճկատարներին անվանել փոքրամասնություն միջազգային հանրության մասշտաբներով: ՀՀ ՆԳ նախարարն իր տղաների արտասահմանյան գործուղումներն է ուզում թաքցնել ԱԳՆ-ի ամենատես աչքից, առանձին ՔՊ-շնիկներ՝ Էդմոն Մարուքյանի կողմն անցած, բողոքում են Փաշինյանի արտաքին քաղաքականության դեմ եւ արդեն հանդես են եկել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանական անցակետ դնելու դեմ տգետ, խայտառակ խաղաղության քաղաքականությունից չբխող հայտարարություններով: Ապրիլի 24-ին էլ աստվածաբանության դոկտոր վարչապետն էր փայլել իր ոչինչ չասող, Բուրունդիի վարչապետին հարիր ուղերձով… Ու այսքանի մեջ ՔՊ-շնիկները Թագուհի Թովմասյանի հարցն են քննում: Ում պատմես՝ չի հավատա:
