Մենք թիմով մեզ խոսք ենք տվել, որ բոլորս հաղթելու ենք: Դրա համար ջանք ու եռանդ չենք խնայում: Սենսիացիոն է 2-3 օրում 4 չեմպիոն ունենալը եւ այսքան արծաթե, բրոնզե մեդալներ նվաճելը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակ չեմպիոն Սամվել Գասպարյանը:
Գյումրեցի ծանրորդը երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պայքարում Գասպարյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 395 կգ արդյունքով: Նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկե մեդալները:
Պարգեւատրման արարողությունից հետո Սամվել Գասպարյանը մեկնաբանեց իր փառահեց հաղթանակը Երեւանում:
«Անբացատրելի տպավորություններ ունեմ: Մենք թիմով մեզ խոսք ենք տվել, որ բոլորս հաղթելու ենք: Դրա համար ջանք ու եռանդ չենք խնայում: Ինձ համար ավելի կարեւոր էր այս հաղթանակը, քանի որ նոր քաշային կարգում էի հանդես գալիս: Այն տարվա համեմատ ապացուցելու բան ունեի ինքս ինձ եւ իմ երկրպագուներին, որ ես ավելի շատ կիլոգրամների եմ պատրաստ եւ ցույց տվեցի մրցահարթակում:
Ավելի ոգեւորող եւ ուրախացնող է, որ իմ հայրենակիցները, ընտանիքի անդամները բոլորն իրենց ջերմությամբ եւ աջակցությամբ օգնեցին, որպեսզի մենք մեր նպատակներին հասնենք: Ես մրցահարթակում զգում էի, թե ինչպես են բոոլորն աջակցում: Հարազատ պատերը մեզ օգնեցին հաղթել:
Սենսացիոն է, որ մի քանի օրում ցույց ենք տվել այնպիսի արդյունք, ինչպիսին ցույց ենք տվել 3 տարում: 4 ոսկի Եվրոպայի առաջնությունում սենսացիա է, էլ չասեմ արծաթե եւ բրոնզե մեդալները: Հաղթանակս նվիրում եմ մեր հայրենակիցներին, մարզադահլիճում մեզ աջակցող ժողովրդին»,- ասաց Սամվել Գասպարյանը:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոն Պետրոս Պետրոսյանը: Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը նվաճեցին Հայաստանի 10-րդ մեդալը Եվրոպայի առաջնության երկամարտի պայքարում: Եվրոպայի չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) եւ Սամվել Գասպարյանը (109 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել ՝ Արա Աղանյանը (96 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Տաթեւ Հակոբյան (71 կգ): Բրոնզե մեդալակիրներ՝ Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Իզաբելա Յայլյան (55 կգ) եւ Պետրոս Պետրոսյան (109 կգ):