Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:
Նախագծով առաջարկվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Քննչական կոմիտեի քննիչների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումը պայմանավորված է՝
– Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 2023 թվականի հունվարի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելումների ստացման փաստը.
– Դատախազության դատախազներին 2023թվականի ապրիլի 1-ից պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելումների ստացման փաստը.
Իսկ առաջարկվող լուծումը և՛ բխում է Քննչական կոմիտեի քննիչի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։
Նախագծի ընդունմամբ կապահովվի Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրությունը:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերում ակնկալվում է հետևյալ փոփոխությունը.
2023թ. հունիս-դեկտեմբեր ամիսների համար Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (ընդհանուր 975 անձ) ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով անհրաժեշտ է շուրջ 3,12 մլրդ դրամ։