Այսօր միֆ է դրվել շրջանառության մեջ, որ այն, ինչ այսօր արվում է, դրան այլընտրանք չկա, դա միֆ է, իհարկե այլընտրանք կա: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
«Այն, ինչ այսօր ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, դրա այլընտրանքը կա: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր է առանց պատերազմի Արցախը պահել ամբողջական եւ Արցախը պահել հայկական: Դրա հնարավորությունը կա: Ես պատրաստ եմ այդ հարցով, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա, խոսել դրա մասին:
Երկրորդ միֆն այն է, որ պատերազմն անխուսափելի էր: Ոչ, սիրելի ժողովուրդ, պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, այլ պատերազմը բացառված էր: Պատերազմը մեր գլխին եկավ մեր դիվանագիտական սխալների պատճառով: Այսօր այդ սխալները շարունակվում են, երկրորդ պատերազմ կարող է գալ մեր գլխին: Ժամանակն է, իսկապես, սթափվել, վերջ տալ ներքին շահարկումներին, վերջ տալ արդարացումներին եւ դրանով ավելի արմատավորել այն կորուստները, որ ունեցել ենք:

Արցախը հայկական է եւ հայկական պետք է լինի: Դա մեր ժողովրդի պատիվն է, մեր ժողովրդի պատմությունն է, մեր անցյալն է, ներկան է ու ապագան է: Եթե մենք Արցախը մեր կամքով թողնենք Ադրբեջանի կազմում, հավատացեք, աշխարհի ժողովուրդների մեջ երեւի թե մենք կլինենք ամենանվաստացած ժողովուրդը: Չի կարելի նման բան անել, չկա ժողովուրդ, որ իր պատմական հողերից թեկուզ մի թիզ կարող է զիջել: Դա մեր իրավունքն է»,-հայտարարեց Օսկանյանը:
