Sun. Aug 24th, 2025

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցն է։ Զեկուցելու է Նիկոլ Փաշինյանը։

Մենք գրել ենք, որ քննարկմանը մասնակցելու է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեւական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը, որին մշտապես մասնակցում է Փաշինյանը։ Նիստը նշանակված է ժամը 11-ին։

Մենք տեղեկացանք, որ խորհրդարանի մերձակայքը, բակը եւ ներսում անվտանգության աշխատողների այնքան մեծ քանակ են կուտակել, որով կարող էին մեր սահմանների մի քանի տասնյակ կիլոմետր պաշտպանել։ Բոլոր այն նիստերին, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Ազգային Ժողով անվտանգության ուժեղացված միջոցառումներ են կիրառվում։ Իսկ այս անգամ դրանք աննախադեպ են, քանի որ ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ մասնակցելու է նիստին։ Նման վախեր ունեցող վարչապետը, հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարում էր, թե հանգիստ շրջում է Երեւանի փողոցներում եւ անգամ զբոսաշրջիկների հետ է զրուցում։

Նախկինում որևէ ղեկավարի անվտանգության աշխատակից չէր մտել նիստերի դահլիճ։ Մենք նկատեցինք, որ անվտանգության աշխատակիցը նիստերի դահլիճում է՝ քարտուղարության շարքերում՝ ընդդիմությանը մոտ։ Հավանաբար պատճառն այն է, որ միջամտի և կանխի անցանկալի սցենարները։