Fri. Aug 22nd, 2025

Ավագանու վաղվա՝ ապրիլի 18-ի նիստում օրակարգային հարցերից մեկը Եգիպտոսի հրապարակ ունենալու մասին է։

Ըստ որոշման, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակը նախատեսվում է անվանակոչել Եգիպտոսի հրապարակ: Նման առաջարկությամբ հանդես եկել է արտաքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվել է առաջարկություն Երևան քաղաքում Եգիպտոսի կամ Կահիրեի փողոց անվանակոչելու վերաբերյալ, ինչին զուգահեռ Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն:

Նշված առաջարկի նպատակահարմարությունը հիմնավորվում է մի շարք հանգամանքներով և պատճառներով, որոնց թվում են հայ-եգիպտական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, Եգիպտոսի բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունից հետո, հայազգի որոշ անհատների մեծ ներդրումը ժամանակակից Եգիպտոսի կայացման գործում, ՀՀ-ԵԱՀ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, Եգիպտոսի կարևոր դերը և քաղաքական նշանակությունն արաբական աշխարհում, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2022թ. լրացել է ՀՀ և ԵԱՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: