Thu. Aug 21st, 2025

Խորհրդարանում Տեղ գյուղի միջադեպի վերաբերյալ Փաշինյանի արձագանքը, ինչքան էլ ուզենք,  հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել։ Տեսեք՝ ինչ է ասում․ «Այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար»։ Խոսքը ադրբեջանցիների կողմից հարձակման մասին չէ, որովհետև նա ասում է, որ դա կանխատեսելի էր։ Նրա համար կանխատեսելի է անգամ Արցախի ցեղասպանությունը, և ինքը դա բազմիցս հայտարարել է։ Իսկ է ի՞նչ է նշանակում՝ այն ինչ տեղի ունեցավ, չպետք է տեղի ունենար։ Բավական է հետևել նրա մտքերի ընթացքին ու ամեն ինչ պարզ կդառնա։ Նա նշում է, որ պետք է տեղի ունենա հետաքննություն, վարչական պատասխանատվություն, ավելի խորը հետաքննություն, որպեսզի հասկացվի, թե ինչ է տեղի ունեցել։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Տեսանյութը կա, թե ինչպես է ադրբեջանցիների պիկապը մոտենում, մտնում  մեր տարածք, մերոնք չեն կրակում։ Ակնհայտ էր, որ կրակելու հրաման չկար։ Թշնամին ուխտադրուժ մտել է ու կրակելու հրաման չի եղել․ այդտեղ որևէ խոսք չի կարող լինել։

Մինչ այդ պահը Փաշինյանին ոչինչ չի անհանգստացնում։ Նրան անհանգստացնում է այն պահը, երբ մերոնք, այլ ելք չտեսնելով, պատասխանել են թշնամու կրակին։ Ու դա հենց այն բանն է, որը չպիտի տեղի ունենար, բայց տեղի ունեցավ։ Չկրակելու դեպքում մերոնք կհայտնվեին նվաստացման այն վիճակում, ինչի մեջ ժամանակին հայտնվել են չկրակելու  հրամանին ենթարկված ու թշնամուն հանձնված մեր տղերքը։ Ու դրա համար Փաշինյանը հետաքննություն պիտի անցկացնի, որպեսզի հասկանա, թե  մերոնք ո՞նց են համարձակվել կրակել։ Շարունակենք հետևել նրա մտքի ընթացքին։ Ըստ նրա՝ «կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարարություններ, որոնց կատարումը սակայն ձախողվել է»։

Ո՞րն է եղել այդ հանձնարարությունը՝ չկրակե՞լ, թույլ տալ թշնամուն  մտնել մինչև իրենց ուզած տե՞ղը, անել այն, ի՞նչ պայմանավորվա՞ծ էր նախօրոք։ Քաղաքական նման հայտարարությունները, որոնք արվում են Փաշինյանի կողմից, անկախ նրանից, թե դա որքանով է նման լարված իրավիճակում տեղին, ինքնին հարցեր են առաջացնում և  հնարավոր չէ չբարձրաձայնել, որովհետև բարձրաձայնելու հիմքը Փաշինյանն է տվել՝ հրամա՞ն է եղել, որ մեր տղաները կրակեն։ Սա է հարցերի հարցը, Փաշինյանի թաքնված տողատակերը։ Եթե հրաման է եղել, ինչու՞ է հետաքննություն անցկացնում, վարչական պատասխանատվության ենթարկում պատասխանատու անձանց,  եթե հրաման չի եղել, ինչու՞ են ոգևորվում, որ մերոնք հերոսական գործ են արել։ Փաշինյանի մի այլ հայտարարություն այդ հարցի պատասխանն էլ է մասամբ տալիս, չնայած իր մանրևներին․

«Ի հեճուկս հայկական կողմի գործադրած ջանքերին, չհաջողվեց հայ-ադրբեջանական սահմանին Տեղ գյուղի հատվածում սահմանապահների տեղակայումն իրականացնել առանց սրացումների, և դրա հետևանքով ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող զոհվեց»։ Սրացումները որո՞նք են, որ մերոնք պաշտպանե՞լ են իրենց հողը, որ դու՞րս են վռնդել թշնամուն։ Ու հիմա դրա համար պիտի պատասխա՞ն տան։ Եթե հրաման չի եղել ու պատժվեն զինվորականներ, դա չի՞ նշանակում, որ այլ տեղերում լռելյայն պիտի համաձայնվեն թշնամու առաջադրած պայմաններին։ Ինչպես և մինչ այժմ արվել է։