Wed. Aug 20th, 2025

Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր: Նարեկը մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, եղել՝ ամենաթեժ կետերում։

NEWS.am-ին Նարեկ Սարգսյանի դասղեկը պատմեց, որ Նարեկը ամուսնացած չէր, երկու եղբայր ուներ: Նրա մայրը դպրոցում Ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, վերջերս էր ազատվել աշխատանքից:

Նարեկը մինչեւ զինվորական դառնալը սովորել է Սեւանի քոլեջ՝ ծրագրավորման բաժնում:

«Սիրում էր իր գործը: Մայրն ասում էր՝ հստակ չգիտենք, թե որտեղ է ծառայում, մեկ այստեղ է, մեկ այնտեղ: Ընտանիքն այդքան էլ ապահով վիճակում չէր: Մայրիկին վերջերս որ հանդիպեցի, ասաց՝ Նարեկն է վերջին հույսս: Նա տան բոլոր հարցերը կարգավորողն էր: Շատ կազմակերպված տղա էր, ձգտող էր»,- պատմեց դասղեկը:

Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են.

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)