Thu. Jul 17th, 2025

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ից առաջ էլ մեր հանրությունը շատ համերաշխ ու միասնական չէր, բայց այն, ինչ կատարվեց 18-ից հետո, մեր ազգի միասնականության հարցում քարը քարի վրա չթողեց: Նախկիններին մերժելու և հին կարգերը նորով փոխարինելու անվան տակ նախ հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների: Նրանց թվաց` գտել են հավերժ իշխելու, բոլոր իրենց սխալներն արդարացնելու ձևը` կերտում ես հավերժ թշնամու, մեղավորի կերպար, և քո մեղքն արդեն չեզոքանում է: Ոչինչ, որ հանրությունը դրանից պառակտվում է, բզիկ-բզիկ լինում, ոչինչ, որ թշնամանք ու ատելություն ես գեներացնում հանրային որոշ խմբերի նկատմամբ: Իսկ հետո արդեն պառակտելն ու թշնամանք հրահրելը դարձան նորմա. արդարադատությունը կաղում է` մեղավորը վնգստացող դատավորներն են, արտաքին ֆրոնտում անհաջողություններ կան` կոշիկ լիզող դիվանագետներն են պատճառը, կրթությունը լավը չէ` տգետ ուսուցիչների մեղքն է, Արցախը հանձնողն արցախցիներն էին, բանակը քանդողը` զինվորականները և այլն: Իսկ մատից ծծած` հետո կարճվող քրեական գործերով, ապօրինի գույքի մասին հնչեղ հայտարարություններով հանրությանն ավելի պառակտեցին, ատելությունը խորացրին: Եվ պրոցեսն այլևս հնարավոր չեղավ կանգնեցնել. Հայաստան-Սփյուռք, Երևան-մարզեր, հարուստներ-աղքատներ անտագոնիզմը խորացավ մինչև ամենափոքր միավոր` չմնաց գեթ մեկ ընտանիք, որտեղ մարդիկ համերաշխ են ու համակարծիք: Գեթ մեկ ոլորտ, համակարգ, կառույց, որը մեկ ուրիշ ոլորտի, համակարգի, կառույցի հետ տարաձայնություններ չունի: Եվ պառակտումը հասավ կատաստրոֆիկ չափերի` առաջին հայացքից ընդհանուր շահեր ունեցողներն են արդեն կոնֆլիկտի մեջ. հարուստները կռվում են այլ հարուստների հետ, աղքատները` պակաս աղքատների, վարորդներն` ուղևորների, 100 դրամի կողմնակիցները 150-ի կողմնակիցների, պետական ծառայողները` մասնավորում աշխատողների, աշխատողները` գործազուրկների: Հայը` հայի հետ: Եվ այս մեծ խառնակչությունը, հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է 7 տարվա կառավարման ընթացքում: Ահա Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրական Հայաստանը»: