Mon. Jul 21st, 2025

Մինչ համայն հայությունն զբաղված է Արցախի ու Հայաստանի անվտանգության խնդիրներով, հետաքրքիր, ես կասեի շատ հետաքրքիր բաներ են կատարվում Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Մինչ երևանցիները Տիգրան Ավինյանի օձիգը հավաքել ու պահանջում են իրենց համար մետրո կառուցել, Տիգրան Ավինյանի հիմնարկը լծվել է «Հաղթանակ» զբոսայգուց տարածքներ յուրացնելու և օտարելու, այն էմասնավորին հանձնելու հայրենասիրական մեծ ծրագրին: Կարճ ասած այգուց տարածք են ծախել:

Խոսքը բավականին մեծ տարածքի մասին է, մի քանի հեկտարի, որ բռնում է այգու հյուսիս-արևելյան մասը: Մետաղացանցով այն կարգին ցանկապատված է արդեն: Ավելի վաղ նույնիսկ կապույտ գույնի պոլիէթիլենային թաղանթով էր պատված, որը բոլորովին վերջերս հանեցին, իսկ ավելի ճիշտ` որպեսզի այգու բռնազավթման փաստը շատ էլ աչքի չզարնի, իջեցրեցին և թողեցին գետնին:

Միամիտ այցելուներին սկզբում թվում էր, թե այգու բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու, նոր ծառեր են տնկվելու, նոր ծառուղիներ ու հանգստի գոտիներ են հիմնվելու: Բայց, ավաղ, ցանկապատված տարածքի վրա հայտնվեց մի գրություն, որ խորտակեց բոլորի հույսերը. «Սեփական տարածք: Մուտքն արգելվում է»:

Ի դեպվերոնշյալ ցուցանակի վրա կան նաև թվեր, որ, ենթադրաբար, նոր սեփականատիրոջ հեռախոսահամարն է: Մեծարգո պարոն վարչապետ, Երևանի հարգելի քաղաքապետ և համապատասխան փոխքաղաքապետ, բարի եղեք մի հատ զանգել ու հետաքրքրվել, թե ով է այդ սեփականատերը և ինչ հիմունքներով է այգին ցանկապատել մեզնից շարքային քաղաքացիներից: Մենք` շարքային քաղաքացիներս, այդ մարդու հետ որևէ խնդիր չունենք: Մեր խնդիրը դուք եք, մեծարգո պարոն վարչապետ, Երևանի հարգելի քաղաքապետ և համապատասխան փոխքաղաքապետ: Մենք ձեզ չենք ընտրել, որ մեր այգին վաճառեք, այն էլ առանց մեզ հարցնելու:

Հ.Գ. Անհամբեր սպասում եմ այս խայտառակությանը քավոր կանգնած  համապատասխան կառավարիչների արձագանքին: