2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ 3 օր անց Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ, այս հանդիպումը սակայն ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։

Օրերս հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ թուրք ֆուտբոլիստները Երևան են ժամանելու առանց երկրպագուների, ստադիոնում աջակցություն չեն ունենալու։ Սեպտեմբերին կայանալիք պատասխան խաղում էլ, նույն որոշմամբ, հայ երկրպագուները հնարավորություն չեն ունենալու Հայաստանի ընտրանու հետ մեկնել Թուրքիա։ Հատկանշական է, որ երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներից որևէ մեկը չի դիմել ՈւԵՖԱ-ին նման որոշման համար, կառույցը ինքն է նման եզրահանգման եկել խաղերը առանց լարվածության անցկացնելու նպատակով։

«Անգամ ՈւԵՖԱ-ն հասկացավ, որ էս ազգերի մեջ խաղաղություն հնարավոր չի, դուք մինչև էսօր խաղաղության դարաշրջանից եք խոսում»,- վերոնշյալի վերաբերյալ հրապարակումներից մեկի մեկնաբանություններում գրել է քաղաքացիներից մեկը։
