Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին՝ մենք զենք չենք ստանում, չենք կարողանում գնել, որովհետև պատճառը Արարա՞տն է, արձագանքեց. «Այդպիսի հարցեր ինձ մի տվեք»:
«Զինված ուժերը տեղում կանգնած չեն, իրենց առջև դրված խնդիրները կատարում են։ Ներկայիս դրությամբ սահմանում կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայինները և սպաները զգոն իրենց խնդիրը կատարում են, իսկ զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը և ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են և նշում են իրենց տոն օրը»,-ասաց Ասրյանը:
Հարցին՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում թշնամին դուրս կգա՞ Ջերմուկին հարակից տարածքներից, ԶՈւ ԳՇ պետն արձագանքեց. «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով։ Կհետեւենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքներին և դրանք ցույց կտան»:
Հիշեցմանը, որ ինքը երեք տարի առաջ ասում էր, որ ադրբեջանցիները մեկ-երկու օր մնան, հետո հետ կքաշվեն մեր տարածքներից, նա ասաց. «Հիմա այդ հարցին այսօր ոչ եմ պատասխանում: Երբ կգա այդ օրը սպառիչ այդ հարցերի պատասխանները դուք կլսեք»: