Sun. Jul 27th, 2025

Էկոնոմիկայի նախարարությունն այս ամիս հերթական պայմանագիրն է կնքել հերթական միջազգային ցուցահանդեսին՝ «WTM London 2024»-ին մասնակցելու նպատակով։ Ըստ պայմանագրի՝ միջոցառումը նախատեսված է նոյեմբերի 5-7-ը։ Գնումը դարձյալ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով է կատարվել և բյուջեի վրա արժեցել է 24 միլիոն 720.000 դրամ։

Նախորդ տարի էլ նույն միջոցառման համար Հայաստանի տարածքի տաղավարի կառուցապատման և հարդարման բոլոր ծառայությունների մատուցման համար նույն գնման ընթացակարգով լեհական ընկերության հետ կնքված պայմանագիրն արժեցել էր շուրջ 22 միլիոն 251.000 դրամ։

Ի դեպ, զբոսաշրջության համաշխարհային այս միջոցառմանն ավանդաբար ու տարիներ շարունակ՝ դեռ 2010 թվականից, մասնակցում էր նաև Արցախի Հանրապետությունը՝ հակառակ ադրբեջանա-թուրքական բազմաթիվ բոյկոտներին։

Ավելի վաղ 168․am-ը տեղեկացրել էր, որ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը ՀՀ բյուջեի վրա կարժենա 21 միլիոն 542.000 դրամ՝ 55.131 դոլար։ Միջոցառման ժամկետներ են նշվել սեպտեմբերի 16-19-ը։