ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2025 թ-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նոյեմբերի 14-ին հայտարարել է, թե կառավարության ավտոմեքենաների թիվը 20%-ով կրճատվել է։ Վարչապետը, սակայն, չի նշել, թե որ տարվա ցուցանիշի հետ է համեմատությունը։
Փորձենք մենք հաշվել։
2024 թ-ին վարչապետի աշխատակազմին սպասարկել է 40 ավտոմեքենա։ 2025 թ-ի բյուջեի նախագծում այդ թիվը չի փոփոխվել և կրկին 40 է։ Տարբերությունը՝ 0 %: Այսինքն՝ Ն․ Փաշինյանի նշած 20 % կրճատումն այս տարվան վերաբերելի չէ։
2018 թ-ի ծառայողական մեքենաների քանակը որոշել էր «նախկինների» կառավարությունը և հաստատել 2018-ի բյուջեի փաթեթով։ Փաշինյանի կաբինետն ընդունել է 2019 թ-ի բյուջեն և սահմանել այդ տարվա ծառայողական մեքենաների քանակը։ Ամեն դեպքում՝ թե՛ 2018 թ-ին, թե՛ 2019 թ-ին վարչապետի աշխատակազմին սպասարկել է 90 ավտոմեքենա։ Այս թվի համեմատ 2024-2025 թթ-ի ցուցանիշի տարբերությունը մոտ 55․5 % է։ Այսինքն՝ Ն․ Փաշինյանի նշած 20 %-ը սրան էլ վերաբերելի չէ։
Գուցե վարչապետը նկատի է ունեցել ամբո՞ղջ պետական ապարատին սպասարկող ավտոմեքենաները։
Factor.am-ն արդեն գրել է, որ 2024 թ-ի համեմատ պետական համակարգի ծառայողական մեքենաները 2025 թ-ին կպակասեն 22-ով` դառնալով 880։ Այս նվազումը մոտ 2․4% է։ Այսինքն՝ վարչապետի 20 %-ը սրան էլ վերաբերելի չէ։
2018 թ-ին պետական ապարատին սպասարկել է 902 ավտոմեքենա։ 2025 թ-ի նախատեսվածի համեմատ տարբերությունը ստացվում է մոտ 2.4 %։ Կրկին չի համապատասխանում Փաշինյանի հնչեցրած թվին՝ 20 %։
Հասկանալի չէ, թե ի՞նչ հաշվարկ է եղել վարչապետի հայտարարության հիմքում, թե «կառավարությունում 20 տոկոսն է կրճատվել»։
Օրերս իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե այդ 20%-ը «բավարար չէ»։
«Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ, առավոտյան էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես՝ գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է…»,- նշել է վարչապետը։
Մինչ Նիկոլ Փաշինյանը գործի կդնի «կացինը», մեծ ու փոքր պաշտոնյաները լիուլի շահագործում են ծառայողական մեքենաները։
Factor TV-ի «Պադավա՞տ, թե՞ պետություն․ Փաշինյանի օրոք փոխվել են միայն ծառայողական մեքենաների գները» փաստաքննության մեջ ներկայացրել էինք, որ իշխանափոխությունից հետո՝ 2019թ-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էր լիիրավ պատասխանատուն, ավտոմեքենաների քանակը նախ հրապարակվել է 834, ապա տվյալների ճշգրտման արդյունքում այդ թիվը կտրուկ աճել է՝ դառնալով 1082 (ցուցակում ներառվել են այն մեքենաները, որոնց պահպանման ծախսերը 2019 թվականն էլ ներառյալ, կատարվում էին արտաբյուջետային միջոցների հաշվին)։ 2020-ին ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 158-ով և դարձել 924, 2021-ին՝ 923։ 2022թ-ին դրանց քանակը կրկին ավելացել է՝ 10-ով՝ դառնալով 933: 2023 թվականին «դրական» դինամիկան շարունակվել է․ ծառայողական մեքենաներն ավելացել են 6-ով՝ դառնալով 939, 2024-ին գործադիրը ծառայողական մեքենաների թիվը «կրճատել» է միանգամից 37-ով՝ թողնելով 902-ը։ Եվ ահա 2025 թ-ին ծառայողական մեքենաների թիվը բյուջեի նախագծով նախատեսված է դարձնել 880, ինչն, ընդգծենք, 46-ով ավելին է, քան 2019 թ-ի ծառայողական մեքենաների թիվը։
Պադավա՞տ, թե՞ պետություն․ Փաշինյանի օրոք փոխվել են միայն ծառայողական մեքենաների գները․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Այսքան տարիների ընթացքում կարելի էր «կացինը» գործի դնել, «պադավատապետությունը» վերացնել ու վերջ տալ շահարկումներին։
Գայանե Խաչատրյան