Wed. Jul 23rd, 2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի փողոցի ամբողջ երկայնքով ակտիվ շինարարություն է։ Փողոցի տարբեր հատվածներում այս պահին մի շարք շենքեր են կառուցում, կառուցապատողներից մեկն էլ ոչ այլ ոք է, քան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Նա Դրոյի 36 հասցեում հասարակական նշանակության 7-հարկանի շինություն է կառուցում։ 

Տարածքը և դրա վրա առկա անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը ձեռք է բերել 2021 թվականի մայիսին։ Նախկինում այնտեղ եղել է ոսկերչական իրերի արտադրամաս, սակայն վերջին տարիներին շենքը չի շահագործվել։ Yandex Maps-ում պահպանված լուսանկարներից երևում է, որ 2016 թվականին այստեղ եղել է եռահարկ շինություն, իսկ ներկայում Քանաքեռ-Զեյթունի թաղապետը ևս 4 հարկ է ավելացնում:ենքը՝ 2016 թվականին

Անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը գնել է Հակոպ Երմագյանից՝ մոտ 140 մլն դրամի վարկային միջոցներով, որն արտացոլված է նաև Արտակ Հովակիմյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում։

Տարածքում հասարակական նշանակության շինության վերակառուցման և ընդլայնման նախագծման թույլտվությունը Արտակ Հովակիմյանը ստացել է 2021թ․ օգոստոսի 18-ին, իսկ 2022-ի ապրիլի 8-ին ստացել է շինարարական թույլտվություն։ 

Արտակ Հովակիմյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022թ․ հուլիսի 21-ին՝ այն ժամանկվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ Նշանակումից հետո Հովակիմյանն անդամակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններից հետո, նույն տարվա նոյեմբերի 1-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հովակիմյանը վերանշանակվել է թաղապետի պաշտոնում։

Արդեն 2023թ․ սեպտեմբերի 7-ին Արտակ Հովակիմյանը նախագծման նոր թույլտվություն է ստացել՝ նախագծում փոփոխություններ կատարելու համար, իսկ դրանից մոտ 3 ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, ստացել է նոր շինարարական թույլտվություն՝ 12 ամիս ժամկետով, այսինքն՝ շինարարական աշխատանքների ավարտին, ըստ Հովակիմյանին տրված շինարարական թույլտվության, մնացել է մոտ երկու ամիս։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիգ էներգո» ՍՊԸ-ն, որտեղ, ըստ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության, նա 2008-2016 և 2018-2022 թվականներին զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը։ Այդ ընկերության սեփականատերը Արտակ Հովակիմյանի աներորդին է՝ Ամասիա Սեդրակյանը։