Sat. Jul 19th, 2025

Սյունիքում կառավարությունը չի փոխհատուցել Ադրբեջանի կողից օկուպացված հողատարածքների սեփականատերերին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ադրբեջանցիների կողմից Սյունիքում օկուպացվել են նաեւ Տեղ համայնքին պատկանող հողատարածքներ։ Դեռեւս 2022 թվականին Տեղ համայնքի քպական ղեկավար Դավիթ Ղուլունցը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ հակառակորդի հսկողության տակ հայտնված արոտավայրերի ու դաշտերի դիմաց գյուղացիներին փոխհատուցում կտրվի 1 հա-ի համար 200 հազար դրամ։

Տարիներ անց «Փաստինֆո»-ն փորձեց համայնքապետից ճշտել, թե արդյոք գործընթացն իրականացվել է ու գյուղացիներին տրվել է խոստացված փոխհատուցումը, սակայն այս անգամ համայնքապետը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել։

Իսկ ավագանու ընդդիմադիր անդամ, Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը հայտնեց, որ օկուպացված ցանքատարածքների համար որեւէ փոխհատուցում չի տրվել։ Նրա փոխանցմամբ՝ գյուղացիները փոխհատուցում են ստացել միայն թշնամու տիրարետության տակ անցած բերքի համար։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Ա.Հովսեփյանը՝ գյուղացիներին ասել են, որ փոխհատուցման հարցին կանդրադառնան միայն սահմանազատումից հետո, իսկ, թե դա երբ տեղի կունենա պարզ չի։

Բազմաթիվ կենսական խնդիրների է բախվել նաեւ Արավուսը։ Ա. Հովսեփյանի փոխանցմամբ՝ Արավուսում այսօր չկա ոռոգման ջուր։ Բացի այդ՝ արոտավայրերի՝ ադրբեջանցիների հսկողության տակ անցնելու հետեւանքով, գյուղացիները մոտ 80 տոկոսով կրճատել են խոշոր ու մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։ «Ինքս գոմ ունեի Աղավնոյում։ Արոտավայրեր ունեինք մինչև Քարվաճառ, հիմա որտե՞ղ պահեն մարդիկ անասունները, որտե՞ղ արածեցնեն, տե՛ղ չկա, արոտավայր չկա»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ ավելացնելով, որ հիմա բնակիչները ուղղակի անվտանգային խնդիրներով, սոցիալական հոգսերով են ապրում։

«Դեռ յոլա գնալն էլ լավ է ասված, դեռ ապրում ենք»,- նշեց Հովսեփյանը՝ ընդգծելով, որ հիմա կառավարությունը պետք է գյուղացու կողքին կանգնի, որպեսզի գյուղացին ոտքի կանգնի, հակառակ պարագայում գյուղացին մենակ չի կարող։

Աղբյուր` Փաստինֆո