Wed. Jul 16th, 2025

Հիմնական խնդիրը արցախցիների Արցախ վերադառնալու գծով հարցը միջազգային օրակարգում պահելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Այնպես չէ, որ դա օրակարգում չկա, օրակարգում է, բայց նաեւ հաշվի առնելով հատկապես ՀՀ իշխանությունների ծանոթ կեցվածքը, կարող է այդ օրակարգից դուրս մնալ: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ մնա միջազգային համայնքի օրակարգում:

Այստեղ կարեւոր անելիք ունեն Արցախի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը եւ Սփյուռքն իր տարբեր կառույցներով, որն էլ անում է»,-ասաց նա:

Մանոյանի խոսքով, ՀՀ իշխանություններն են հիմնական պատճառը, որ մենք այսօր այս վիճակում ենք:

Հարցին՝ ինչպե՞ս են ընդունում Նիկոլ Փաշինյանին Սփյուռքում, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Ասել, որ ամբողջ Սփյուռքը մեկ կարծիք ունի, այդպես չէ, բայց դժգոհությունը շատ է մեծացել: Նույնիսկ շրջանակներ, որոնք 6 տարի առաջ փոփոխություններից գոհ էին, ակնկալիքներ, հույսեր ունեին, հիմա նույնիսկ նրանցից շատերը հասկացել են, որ դա խաբկանք է: Այս իշխանությունները եկել են հստակ առաքելությամբ, հստակ ծրագրով, եւ դա քայլ առ քայլ կատարում են: Հիմնականում Արցախը կորցնել, Հայաստանը դարձնել ոչ հայկական ինչ-որ մի պետություն:  Բնականաբար, կա դժգոհություն, հիասթափություն եւ ինչ-որ իմաստով նույնիսկ ՀՀ-ից երես թեքում»: