Thu. Sep 11th, 2025

Սահմանադրությունը պետության հիմնական  օրենքն է, նրանով են առաջնորդվում կառավարման և իշխանության մարմինները։ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այնտեղ ամրագրված չի, որ ՀՀ- ում իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։ Շատ ավելի մատչելի բացատրեմ։ Եթե մի սովորական տան մեջ կան մի քանի  սեփականատեր, տան որևէ անդամը չի կարող տունը վաճառել՝ առանց մյուսների համաձայնության։ Գործարքը կչեղարկվի։ Տան գնորդն էլ, եթե տարրական իրավական գիտելիք ունի՝ չի գնի, մտածելով, որ տան վրա գրանցված են այլ սեփականատերեր։ 

Նիկոլ Փաշինյանը, ինչպես բանակցությունները սկսեց 0 կետից, այնպես էլ երկրի կառավարումը սկսեց 0 կետից։ Նա իր կառավարման ձևի մասին տարբեր նրբերագներով ու մանիպուլյատիվ հնարքներով հասկացնում է, որ իրեն ժողովուրդն է ընտրել, ժողովրդի անունից ինչ ուզի՝ կանի։ Սա իր զրոյական կետն է՝ Սահմանադրական դատարան կփոխի, դատարաններ կշրջափակի, եկեղեցու «վրա կգնա»․․․ Ասում ու անում է։ Ու այդքանը դեռ բավական չէ, նա ժողովրդին հրահրում է բռնի գործողությունների․ «Ով վեր է կենում` հրաժարական է պահանջում, նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»։ Ի՞նչ է նշանակում՝ ով վեր է կենում։ Այսինքն օրակարգային հարց է ժողովրդի համար իր հրաժարական պահանջելը։ Ինքը պիտի մտածի այդ մասին, փոխի իր քաղաքական վարքագիծը։  Բայց նա այլ բանի է հրահրում՝ թող ժողովուրդը ինձ հրապարակում գնդակահարի։ Պետության ղեկավարի կողմից նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան երկիրը ապակայունացնելու, պառակտելու, հաշվեհարդարներով հարցեր լուծելու էժանագին փորձ։ Այնքան էժանագին, որ սոցիալական ցանցերում միայն նմանատիպ գրառումներ են՝ բա մեկը չլինի,որ դրան խփի․․․ 

Ասելիքս ինչ է։ Սահմանադրության մեջ ամրագրված բազմաթիվ խրթին կետեր են մեջբերվում, երբ Նիկոլ Փաշինյանը տարածքների հանձնումը վերագրում է նախկիններին, թվեր, փաստեր, որոնցից, անկեղծ եմ ասում, շարքային քաղաքացին ոչինչ չի հասկանում։ Դրանք զուտ բանավեճային հարթակներում պիտի քննարկվեն՝ համապատասխան մասնագետների հետ։ Եվ զարմանալ պետք չի, երբ մոլորյալ մեկն  ասում է, որ այդ տարածքները նախկիններն են հանձնել։ Նա խճճվել  ու հավատում է նրան, ով խաբում ու լավ է խաբում։ Նիկոլ Փաշինյանը դրան լավ է տիրապետում և քարերի պես նետում է անպատասխանատու հայտարարություններ, որը հետո սպանելու է այդ քաղաքացուն, նրա հետ էլ՝ շատերին։ Մենք արդեն տեսնում ենք օրեցօր նոսրացող մեր տարածքները ու մարդկանց։ 

Պետք է շարքային քաղաքացու հետ խոսել պարզ լեզվով՝ բոլորս հավասար իրավունքով սեփականատեր ենք։ Հայաստանը, առավել ևս Արցախը  քոնը չէ, Փաշինյան Նիկոլ։ Մենք մեր տան հավասար սեփականատերն ենք ու մեր համաձայնությամբ միայն կարող ես  օտարել մեր տունը։ Մեր համաձայնության թուղթը պիտի ունենաս, որովհետև մերն է այդ տունը, ու դու չես կարող առանց հայ ժողովրդի  համաձայնության հանձնես։ Պետք է նրան հիշեցնել Սահմանադրության այս կետը՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Իշխանությունը ժողովրդինն է։ Դու խաբելով յուրացրել ես, հետո  չարաշահել իշխանությունը։ Դու մեր անունից, առանց իրավական ձևակերպումների, հանձնում ես մեր տները, գյուղերը, քաղաքները, մայրուղիները, պաշտպանական դիրքերը։ Այդ իրավունքը չունես։ Երբ դու չլինես, մենք իրավական ճանապարհով ետ ենք վերցնելու մեր տունը։ Այդ տան մեջ քեզ բաժին է հասնում այնքան, ինչքան բաժին է հասնում 10 միլիոն աշխարհասփյուռ հայությունից յուրաքանչյուրին։ Սեփանատերերի անունից տուն ես ծախում։ Վաճառելը իր մեջ ներառում է օրինականության տարր, դու ծախում ես։ Մեզ՝ առանց իրավական հիմքի, մեր տնից դուրս ես հանում։