Մենք հասնելու ենք այն բանին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունեն մեզ ու տան մեր հարցերի պատասխանները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Ազատ գյուղի կացարանում հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանի հայրը։
Ծնողի խոսքով՝ այսքան ժամանակ բազմաթիվ նամակներ են ուղարկել Կառավարությանը՝ նրանց հետ հանդիպման խնդրանքով, սակայն՝ ապարդյուն։
«Ներողություն ենք խնդրում քաղաքացիներին անհարմարություն պատճառելու, մեր խնդիրներով ծանրաբեռնելու համար, բայց այսօր այլ տարբերակ չի մնում։ Խնդրում ենք քաղաքացիներին միանալ մեր պայքարին։ Մենք պետք է իրենց հարցնենք՝ ինչո՞ւ մարդկային պայմաններում չէին ծառայում զինվորները, ո՞վ է իրենց զեկուցել, որ բանակում ամեն ինչ լավ է։ Մենք իրենց երեխա ենք վստահել, իրենք մեզ հետ պետք է խոսեն, բացատրեն, թե ով է մեղավորը մեր երեխաների մահվան համար։ Մենք պայքարելու ենք՝ մինչեւ կիմանանք մեր երեխաների մահվան իրական պատճառը»,- ասաց Արման Բարսեղյանը։

Զոհվածի հայրը նշում է՝ ծնողներն ամեն օր իրար կողք են համադրում պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկությունները, սեփական հետաքննության արդյուքները եւ հակասությունները ու համոզվում, որ իրենց երեխաներին ինչ-որ բան խանգարել է արթնանալ եւ փրկվել այրվող կացարանից։
«Չի կարող պատահականություն լինել, որ կապիտանն ամբողջ ընթացքում վառարան չի վառել, կացարան չի եկել, բայց այդ օրը վառել է։ ԱԻՆ թիմը պարտավոր էր տղաներին նկարել նախքան հանելը, բայց դա չի արել։ Իրենք ասում են, որ պառկած չեն եղել, բայց ծնողներից շատերն իրենց երեխաներին պառկած դիրքում են տեսել դիահերձարանում։ Կացարանի մահճակալները եղել են կորացած, եթե տղաները դրանց վրա պառկած չլինեին, ծանրությունից դրանք չէին ճկվի»,- նշեց Գագիկի հայրը։

Արման Բարսեղյանի խոսքով՝ հնարավոր չէր լինի, որ տղաները չկարողանային արթնանալ այն րոպեների ընթացքում մինչեւ կրակն իրենց էր հասնում։
«Պաշտոնական հաղորդագրությունում նշված ժամից մոտ 20 րոպե առաջ տղաներից մեկը զանգ է կատարել։ Ստացվում է՝ այդ քսան րոպեի ընթացքո՞ւմ են խորը քուն մտել։ Հնարավոր չէ 15 հոգի նման կերպ քնած լինեին, գոռոցներից, ծխից չարթնանային։ Եթե արթուն լինեին, իրար փրկելով դուրս կգային։ Իրենք շմոլ գազի թունավորումից, այրվածքային շոկից չեն մահացել, չենք հավատում փորձաքննության արդյունքներին, կրկնակի փորձաքննություն ենք պահանջելու, արտաշիրիմում ենք անելու։ Գուցե մեր երեխաներին թշնամին է սպանել, գուցե ինչ-որ բան են իմացել, իրենց վերացրել են դրա համար, կոնկրետ չգիտեմ՝ ինչ է կատարվել, բայց հաստատ հրդեհից չեն մահացել»,- նշեց Արման Բարսեղյանը։
