Sun. Aug 24th, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ նիստերի դահլիճում իրավիճակը դեռ լարված էր, հայտարարեց, որ կարող է նորից թքել։

«Որ պետք լինի, կթքեմ, դուրս արի այստեղից, գնա, գնա քո գործով զբաղվի»,- բղավեց Սիմոնյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկին, որը կոչ արեց Սիմոնյանին նաեւ թքել։

Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։

Դրանից հետո Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստն ընդմիջվեց եւ ընդդիմադիր պատգամավորները բռնի ուժով դուրս բերվեցին։

Նիստի վերսկսումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիր 10 պատգամավորներ ստացել են նկատողություն եւ մինչեւ օրվա ավարտ չեն կարողանա վերադառնալ նիստերի դահլիճ։

«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թեւանյանը հեռացվում են մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- նիստի վերսկսումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ ապրիլի 2-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին: