Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանն ամփոփել էր աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթը և տեղեկացրել՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ է անցել մնացած տարբերակներից։
«Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր»,- հայտարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը,- Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»։
Տեղեկացրել էին նաև, որ հուշարձանը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում։
Օրերս պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվել էր Դավիթ Մինասյան ԱՁ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը, որից տեղեկացանք՝ արձանը տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հրապարակում։ 85 միլիոն 185.840 դրամ կարժենա արձանի «պատրաստումն ու մատակարարումը»։
«Պետք է ապահովվի արձանի գեղարվեստատեխնիկական հետևյալ լուծումները՝ հուշարձանի պատվանդանի բացակայությունն ու օդային լուծումը պետք է ներդաշնակ ձուլվի Ազնավուրի հրապարակի ճարտարապետության հետ՝ չծանրաբեռնելով հագեցած միջավայրը»,- ի թիվս այլ դիտարկումների՝ ասվում է պայմանագրի տեխնիկական բնութագրում։