Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:
Կարապետ Մանվելյանը (55 կգ) երկու հաղթանակ է տարել և դուրս եկել կիսաեզրափակիչ: Առաջին գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 9-0 հաշվով հաղթել է սերբ Սաբոլց Լոսոնկին, իսկ քառորդ եզրափակիչում 7-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Ռահիմ Հասանովի նկատմամբ:

Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) մեկնարկել է ադրբեջանցի Զիյա Բաբաշովի նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակով, սակայն քառորդ եզրափակիչում 1-6 հաշվով պարտվել է թուրք Իսմայիլ Քուլֆային: Եթե Թուրքիայի ներկայացուցիչը հասնի եզրափակիչ, ապա Հովհաննիսյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) մեկնարկում 3-7 հաշվով պարտվել է հունգարացի Աթիլա Տամաշին, որը հաջորդ գոտեմարտում զիջել է ուկրաինացի Նիկիտա Պոլիտաևին:

Հովհաննես Հարությունյանը (87 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 0-7 հաշվով պարտվել է Դանիայի ներկայացուցիչ Թուրպալ Բիսուլթանովին: Եթե դանիացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, ապա Հարությունյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:
Ալբերտ Վարդանյանը (130 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ, քանի որ նրա առաջին մրցակիցը վնասվածք է ստացել:
