Sat. Aug 23rd, 2025

Եթե այսօր մեր հարցին լուծում չեղավ, ապա ապրիլի 21-ին փակելու ենք Հանրապետության հրապարակը. մեր պահանջն է հանդիպել վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ: Այս մասին հայտարարեց Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողներիցԳագիկ Բարսեղյանի հայրը:

«Մեր երեխեքը չեն մահացել պատերազմի դաշտում, մեր երեխեքին վառել են քնած ժամանակ ու 3 ամիս մենք ծնողներով պայքարում ենք, որ հասկանանք՝ ով էր մեր երեխեքին սպանողը, ինչի համար, ինչ էին արել մեր երեխեքը, մենք պետք է պարզաբանենք ինչի տեղի ունեցավ այդ ամենը»,-ասաց նա:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ իրենց համար պարզ չէ՝ ինչի են մահացել իրենց տղաները, վարչապետի ասած վարկածն աբսուրդ է, թող իրենց ճիշտն ասեն կամ հերքեն հայտարարածը ու գործը տանեն ճիշտ քննության:

Մեկ  այլ ծնող էլ հայտարարեց, որ վարչապետն ու պաշտպանության նախարարը իրենց չեն ընդունում, քանի որ պատասխան չունեն տալու, անպատասխանատու հայտարարություններ են արել:

«Մենք մերն արդեն կորցրել ենք, մենք սա անում ենք, որ սա շարունակական բնույթ չունենա, ու ոչ մի ծնող մեր նման չկանգնի այստեղ»,- հավելեց ծնողներից մեկը:

Ծնողները նշեցին, որ եթե պետք լինի, գիշերն էլ կմնան, իրենք հարցի լուծում են պահանջում: