Sat. Aug 23rd, 2025

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Արցախի հետ կապված բոլոր քննարկումները թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ իր, թե՛ մյուսների կողմից բարձրաձայնվում են:

«Մեր թիմը հայ ժողովուրդն է, որը ձայն է տվել մեզ: Մեզ մոտ կարևորն այդ հարաբերությունները պահպանելն է: Եթե ժողովուրդն ասի՝ «չէ, գիտեք՝ ինչ, ձեր տեսլականը չենք ընդունում», մենք կհեռանանք ու մեր տեղը կզիջենք այն ուժին, որին ժողովուրդը կընդունի։ Ես ստորագրում եմ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասածների տակ։ Ես գիտեմ՝ ինչ է ասվել, ինչի համար է ասվել: Ամբողջությամբ սատարում եմ, մեր թիմի մեջ չկա գեթ մեկ մարդ, որն ասի՝ «գիտեք, վարչապետը սա որ ասաց, մի տեսակ տարօրինակ էր, նոր էր, կամ՝ անհասկանալի»»,- նշեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանն աննելու ու ՀՀ-ի տարածք ներխուժելու հանգամանքին՝ Սիմոնյանն ընդգծեց․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեր հովիվները, զինվորները մտել են Ադրբեջանի տարածք, երկար շրջել, կորել են ու ինչ-որ պահի բռնվել են։ Սա այն հարցին ի պատասխան, թե ինչպես է նա մտել Հայաստանի տարածք: Այդ տարածքներում շատ հաճախ են լինում նման դեպքեր։ Դրանով չպետք է չափենք երկրի անվտանգության համակարգի աստիճանը»։

Սիմոնյանն ասաց, որ պատերազմից հետո շատ էր խոսվում բանակցողին փոխելու, նոր պատերազմի վերսկսկման հավանակնության մասին, բայց դա տեղի չունեցավ։ «Սողացող պատերազմ միշտ է եղել: «Խաղաղ» տարիներին, գիտե՞ք՝ քանի զոհ է եղել, դա սողացող պատերազմ չէ՞։ Մենք խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք բերում և խաղաղության ուղղությամբ ենք աշխատում: Երբ ՀՀ քաղաքացին դժգոհ կլինի մեր աշխատանքից, իրենք մեզ կասեն, մենք կհեռանանք»,- ասաց ԱԺ նախագահը։