Դոհայում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում տեղի ունեցավ հենացատկի վարժության մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Դոհայի մարզադահլիճում հնչեց Հայաստանի հիմնը:
Արթուր Դավթյանի պարգեւատրմանը ներկա էր նաեւ Հայատանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ Արթուր Դավթյանն ամենաբարձր միավորներով նվաճեց աշխարհի գավաթի երկրորդ փուլի հաղթողի կոչումը՝ երկրորդ անգամ աշխարհի գավաթի փուլերում դառնալով ոսկե մեդալակիր:
Հենացատկի վարժության եզրափակիչում աշխարհի չեմպիոնը 15.083 միավորով գերազանցեց բոլորին:

Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջին փուլում (15.133 միավոր):
Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի երկրորդ փուլում Արթուր Դավթյանը միակ մեդալակիրն էր:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։
