«Համախմբում» շարժման և իր գործընկեր կառույցների երկարատև քննարկումներն հանգեցրել են հանրային լայն համախմբմամբ «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մտահղացմանը, որի նպատակը Արցախի հանձնումը այլ պետությանը բացահայտ քրեականացնելն է։ Սա հնարավոր է, եթե մեր երկրի առնվազն 50 000 արժանապատիվ քաղաքացիներ իրենց անմիջական մասնակցությամբ աջակցություն հայտնեն օրենքի նախագծին, այդ դեպքում այն կմտնի ԱԺ օրակարգ, և գործող իշխանությունը ստիպողաբար կառերեսվի հուժկու և աներկբա ժողովրդական պահանջի հետ։ Այժմ մեկնարկել է «Ազատ Արցախ հայաքվե» հանրային քննարկումը։
«Այս գործունեությունը խղճի հետ ամենաանմիջական կապն ունի։ Դա այդպես է, որովհետև 1988-ին էլ բոլորս մի բան ուզեցինք ու ստացվեց։ Անցկացվեց հանրաքվե։ Բոլոր իմ կոլեգաները նույնպես մասնակցում էին այն ժամանակ դրան, նրանք բոլորով ասացին այո ու մենք ունեցանք անկախ երկիր։ Մենք ունեցանք այն Հայաստանը, որի մասին երազում էին մեր պապերը, այսինքն՝ մենք վերջապես ունեցանք այդ անկախ Հայաստանը»,- քիչ առաջ իր ելույթում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը, որը նախաձեռնության համահիմնադիրներից է։
«Սակայն արի ու տես, որ մեր առաջ դրվեց մի շատ գեղեցիկ սպիտակ թուղթ, մեզ տրվեց գրիչ ու ասացին գրեք ձեր երկրի կենսագրությունը։ Իսկ մենք չգրեցինք, մենք սկսեցինք խզբզել ու դրա համար էլ եկանք ու հասանք այս օրվան։ Ես կոչ եմ անում իմ ընկերներին, որ պետք է մենք բոլորով մասնակցենք այս նախաձեռնությանը, սա իրոք շատ կարևոր է։ Բացի անձնական մասնակցությունից մենք պիտի փորձենք բացատրել հանդիսատեսին, որովհետև մեզնից ամեն մեկն ունի իր առանձին ամբիոնը։ Պետք է բացատրել մարդկանց՝ ինչի համար է պետք այս մի ստորագրությունը։ Մարդը կարող է մտածել՝ դե իմ ստորագրությունից ինչ է փոխվելու և այլն, բայց տենց չէ, հենց այդ մեկ ստորագրությունից է կախված ամեն ինչ։ Այդ ստորագրության հետևում հազարավոր երիտասարդ տղաների կյանք է, որոնք տվել են իրենց կյանքը, որպեսզի այսօր ինչ-որ մեկը մեկ որոշումով չջնջի այն պատմությունը, որը փորձել ենք մենք գրել»,- հավելեց նա։