Thu. Aug 21st, 2025

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույց իրականացնել Քննչական կոմիտեի  դիմաց ու պահանջում մեղադրանք առաջադրել զոհվածների ծնողների նկատմամբ «Եռաբլուր» պանթեոնում բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ։ 

«Իրականում մենք ավելի թանկ բան ենք կորցնում։ Մեր տղերքի արյունով թրջված հողն ենք կորցնում։ Դա մեզ համար ավելի կարևոր բան է, քան մեզ քաշքշելը կամ ինչ-որ մի ոստիկանի պատասխանատվության ենթարկելը։ Մենք հայրենիքը կորցնում ենք, մեր տղերքի արյունով պահած հայրենիքը կորցնում ենք»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Նստացույց ենք հայտարարել ու 24 ժամը լրանում է այսօր՝ ժամը 15։00-ին։ Մենք շարունակում ենք սպասել իրենց։ Թե ինչ ենք պատրաստվում անել, կախված է իրենց պատասխանից կամ չպատասխանից։ Իսկ նրանք մեզ ի՞նչ են ասել, ինչ են փոխանցել։ Նրանք ուղղակի մեզ ասել են, թե իրենք շատ զբաղված են ու անգամ չեն կարող իջնել ու մեր հարցերին պատասխանել։ Նրանք իրականում պատասխան չունեն։ Եթե առհասարակ ոչ մի բան չի արվում, իջնեն ի՞նչ պատասխանեն։

Եթե ճիշտ ասեմ, ապա ուզում էի թքեի անձամբ Քյարամյանի երեսին ու հետո օնլայն ներողություն խնդրեի, քանի որ դրա համար, ոնց հասկանում ենք, ոչ դատ կա, ոչ պատասխանատվություն։ Անձամբ ես մարմնական վնասվածքներ եմ ունեցել այդ դեպքից հետո։ Այո, ոստիկանների հետ առերեսվել եմ անձամբ։ Ինչքան որ ինձ է հայտնի, ոստիկանները, այդ տարբեր գույնի գլխարկներով ոստիկանները անգամ իրավունք չեն ունեցել օրենքով հայտնվելու «Եռաբլուրում»։ Տարածքը պիտի հսկվեր միայն ռազմական ոստիկանության ներկայացուցիչների կողմից։ Առերեսման ժամանակ ոստիկանները մեկը մյուսին հակասում էին ու ի վերջո այդպես էլ որևէ մեկը չկարողացավ կոնկրետ ասել, թե հրամանը որտեղ են ստացել»,- հավելեց նա։