Mon. Aug 18th, 2025

Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջի բացման հարցով բանակցությունները ռուս խաղաղապահների տիրույթում չեն, սա արդեն աշխարհաքաղաքական հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Սա արդեն ռուս խաղաղապահների տիրույթում չէ, սա արդեն աշխարհաքաղաքական հարց է, մեր ապագայի խնդիրն է, Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրն է: Մենք պետք է շատ լավ բանակցենք, խոսենք, շատ կոշտ ու ազնիվ: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, առավել եւս դրա համար պետք է առավել ազնիվ եւ կոշտ զրույց ընթանա, այդ թվում՝ Երեւանի, Վաշինգտոնի, Փարիզի մասնակցությամբ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա հայտնեց, որ այժմ էլ այդ հարցով շարունակվում են բանակցությունները. «Այս ամենը, իհարկե, կարեւոր է, բայց Արցախի ժողովուրդը պատասխաններ է ակնկալում ապագայի վերաբերյալ»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովի նշանակումը հնարավոր է բանակցություններում դրական տեղաշարժ ունենալ, Դավիթ Բաբայանն ասաց. «Ի՞նչ կապ ունի այս կամ այն հրամանատարի փոփոխությունը: Ես չեմ ուզում, որ մեզ միամիտի տեղ դնեն: Սա աշխարհաքաղաքական խնդիր է, ամենայն հարգանքով այդ մարդու նկատմամբ, նա լավ զորավար է, բայց հրամանատարի փոփոխությունը կապ չունի, որովհետեւ սա ամենավերեւներն են որոշում»:

Նշենք, որ Լենցովն, ըստ շրջանառվող լուրերի, արդեն Արցախում է:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ հայտարարել այդտեղ ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին:

Ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: