Mon. Aug 18th, 2025

Ռուս շոումեն, ազգությամբ հայ կատակերգու Միխայիլ Գալուստյանը մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից. այս մասին սոցցանցերում հայտնել է ինքը՝ Գալուստյանը՝ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիություն ստանալու լուրերի ֆոնին մամուլում շրջանառվող լուրերը։

«Տեսնում եմ, որ լրատվամիջոցները ահազանգում են, որ ես ՀՀ քաղաքացիություն եմ ստացել, ուզում եմ պարզաբանել, որ խոսակցություններ չլինեն»,- գրել է Գալուստյանը։

Նա նշել է, որ հպարտ է, որ հայ է և Հայաստանը համարում է իր «պատմական և էթնիկ հայրենիքը», որը, նրա կարծիքով, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ։

«Հանգստացեք, ես սիրում եմ Ռուսաստանը և այստեղից ոչ մի տեղ չեմ հեռանում, ինչպես ոմանք, ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ, Ռուսաստանն իմ հայրենիքն է և վերջակետ»,- եզրափակել է Գալուստյանը։

Ավելի վաղ Գալուստյանը հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Նշենք, որ Հայաստանում թույլատրվում է երկքաղաքացիությունը։ Էթնիկ հայերը կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։