Sun. Jul 27th, 2025

Պիտի փաստենք, որ Արմեն Աշոտյանի հրապարկած փաստաթուղթը այլևս անհերքելի է։ Երեկ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ չհերքեց այդ փաստաթղթի իսկությունը։ Իրականում դա անհնար էր անել, որովհետև դա այս պահին բանակցվող փաստաթուղթ է։ Բոլոր նրանք, ովքեր մինչ այս հերքում էին փաստաթուղթը, փորձում էին Փաշինյանից ավելի Փաշինյան երևալ, հիմա ստիպված են իրենց ստատուսները ջնջելու։

Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը անդրադառնում է խորհրդարանական եւ կուսակցական դիվանագիտության գծով գործուղումների հաշվետվությանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած, իրենց խոսքով, մանիպուլյատիվ ապատեղեկատվությանը։

«Փաշինյանը երեկ պարզապես փորձում էր հերքել իր խմբակի կոռուպցիոն սկանդալների անհերքելի փաստը։ Նա դա շատ ջանասիրությամբ էր փորձում անել։ Սրա հաստատումը տեղի ունեցավ երեկ ուշ երեկոյան, երբ «Առավոտի» յութուբյան ալիքը կոտրվեց։ Իսկ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ «Առավոտում» արվել էր անոնս, որ հրապարակվելու է մի տեսանյութ, որտեղ պատմվում է գործող իշխանականների կոռուպցիոն սկանդալների մասին։ Սկզբից հեռացրել են բոլոր ընդդիմադիր հրապարակումներ, թողել են միայն ՔՊ-ական հարցազրույցները, ապա հասկանում են՝ ինչ կկատարվի ու հեռացնում են նաև բոլոր տեսանյութերը»,- հավելեց Մամիջանյանը: