Mon. Aug 25th, 2025

Լոնդոնի դատարանը ռուսաստանցի գործարար Արկադի Ռոտենբերգի նախկին կնոջ եւ հայ գործարար Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման օրդեր Է տվել՝ իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու եւ հետագայում դատարան չներկայանալու պատճառով, հաղորդում է բրիտանական Daily Telegraph թերթը:

«Նատալյա Ռոտենբերգին սպառնում է ազատազրկում այն բանից հետո, երբ նա հրաժարվել է վճարել իր ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբաններին եւ չի ներկայացել դատարան։ Նախագահող դատավորը նրան կալանավորելու օրդեր Է տվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թերթը նշում է, որ ռուս գործարարի նախկին կինը կոնֆլիկտի մեջ է Candey փաստաբանական ընկերության հետ, որն ավելի վաղ ներկայացնում էր նրա շահերը: Նա չի վճարել մոտ 11,5 հազար ֆունտ սթեռլինգ (մոտ 14,3 հազար դոլար) տվյալ ընկերության ծառայությունների համար։

Ռոտենբերգը նաեւ անտեսել է WhatsApp-ում իշխանությունների նամակներն ու հաղորդագրությունները՝ պահանջելով ներկայանալ դատարան՝ իր ակտիվների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանելու համար: Candey ընկերության հետ կապ հաստատելու բոլոր փորձերը նույնպես անհաջող են եղել։

Ավելի վաղ դատավոր Էնդրյու Ռիչին կնոջը դատապարտել էր 21-օրյա ազատազրկման: Այն կասեցնելու համար Ռոտենբերգը պետք է դատարան ներկայանար ապրիլի 20-ին, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել։

Անցյալ տարվա հունիսին Լոնդոնի դատարանը որոշել էր ռուս գործարարի նախկին կնոջից առգրավել 8,7 մլն ֆունտ արժողությամբ եւ Բուքինհեմյան պալատի տեսարանով բնակարանը՝ անշարժ գույքի վարկի չվճարման պատճառով:

Լոնդոնի դատարանը հայտարարել է, որ ընդհանրապես վճարումներ չեն ստացվել  գույքի գնման եւ 1,3 միլիոն ֆունտի չափով վարկի վճարման համար, որը նա վերցրել էր 2021 թվականի սեպտեմբերին: Evening Standard թերթի տվյալներով՝ Նատալյա Ռոտենբերգի պարտքն այդ պահին գերազանցել է 1,6 մլն ֆունտը:

Նատալյա Ռոտենբերգը 6 տարի շարունակ դատարանի միջոցով փորձում էր ստանալ նախկին ամուսնու կարողության կեսը եւ 27 մլն ֆունտ արժողությամբ առանձնատունը, որը գտնվում է Սարրի կոմսությունում։ Ինքը՝ Ռոտենբերգը, այժմ գտնվում է բրիտանական պատժամիջոցների տակ։