Sun. Jul 20th, 2025

Իշխանության ներսում նոր «պատերազմ» է, որի «զոհերը» կարող են դառնալ Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը (առայժմ ձերբակալվում են նրանց մարդիկ): Հետաքրքիր է՝ ո՞վ է ուզում «քենսլ» անել Ավինյանի քաղաքապետության հեռանկարը…

Հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում:

168.amը  Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից փորձեց ճշտել, թե արդյոք խուզարկության մասին մամուլի շրջանառած տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Մեր հարցերին ի պատասխան՝ հաստատեցին,  որ խուզարկություն  կատարվում է, իսկ  թե ի՞նչ նպատակով, փոխանցեցին, թե իրենք տեղեկություն չունեն:

Ի դեպ,  «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում քննչական գործողություններ է իրականացնում առողջապահության համակարգի չարաշահումների հետ կապված քրեական գործի շրջանակներում։ Խոսքը  Հայաստանում քովիդի պանդեմիայի ժամանակահատվածում պետական միջոցների ծախսերին է վերաբերում։ Ստուգումներն իրականացրել էր Հաշվեքննիչ պալատը և  արդյունքներն ուղարկել դատախազություն, որտեղ էլ ընթացք է տրվել դրան։

Հակակոռուպցիոն կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ խուզարկությունն իրենք են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում: Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն նշեցին, որ առաջիկայում այլ մանրամասներ կհաղորդեն:

Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեցին՝ Գևորգ Սիմոնյանին դեռ չեն ձերբակալել:

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մինչև Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը՝ 2020թ. դեկտեմբերից 2022թ. փետրվար, զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ փոխքաղաքապետի պաշտոնում նրա նշանակումը, ըստ «Փաստինֆո»-ի՝  եղել է Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի կոնսենսուսի արդյունքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: