Sat. Jul 19th, 2025

«Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է»,- սա Նիկոլ Փաշինյանի սատանայաբանության գլուխգործոցներից է: Նման արտահայտության համար Ֆրանսիայի նախագահ Մակրոնին կկախեին Փարիզի Ս. Աստվածամոր տաճարի հրապարակում, մինչդեռ մենք՝ հայերս, պլշած հետևում ենք, թե ինչպես է այս Քվազիմոդերատորը (եթե կուզեք՝ Քվազիմոդոն) վարում «պակրիշկեն» թռած ավտոմեքենան, բյուջեի փողերով կարկանդակ կծոտում և քիթը խոթում ատոմային էներգետիկայի խրթին նրբությունների մեջ: Պատկերացնում եք, չէ, թե ինչ կկատարվեր Ֆրանսիայում, ԱՄՆ-ում կամ այլուր, եթե տվյալ երկրի ղեկավարը հայտարարեր, օրինակ, ֆրանսիացուն ոչինչ չի սպառնում, բայց Ֆրանսիային սպառնում է: Իսկ ես՝ միամիտս, միշտ կարծել եմ, որ մենք Հայաստան պետություն ենք ստեղծել, որպեսզի հային ոչինչ չսպառնա, հայը սրա-նրա դռան նոքար չդառնա, լինի արժանապատիվ և ինքնիշխան…

Բախտներս, սակայն, չբերեց: Հայաստանն ընդամենը մեկ ակնթարթ թուլացրեց զգոնությունն ու պետության ղեկին հայտնվեց չարիքը՝ թե բա հայեր, ձեզ ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է: Իր տեսանկյունից ինքը ճիշտ է, ինքը քանդում է Հայաստանը, ոչնչացնում է պետությունը և այն ջանքը, որ հայ մարդը ներդրել է հայկական պետություն ունենալու և անվտանգ ապրելու համար: Ու մենք դեռ պետք է գոհանանք, որ մեզ ոչինչ չի սպառնում: Հրեն, մարդկանց տներից հանել, լցրել են փողոց: Սովորական հայեր են այդ մարդիկ, մեր, մանուկ, ծեր, հիվանդ… Չարքի տանձին չի. փողոց են հանել, հո չե՞ն սպանել, այդ մարդկանց ոչինչ չի սպառնում, բայց այն տանը, որտեղ նրանք ապրում էին մինչ օրս, սպառնում է: Գլխին ունեցած ծածկի և հայրենիք-պետության միջև ի՞նչ տարբերություն կա, կարո՞ղ եք ասել:

Երևանի ընտրություններ են լինելու շուտով: Էլի կսկսեն՝ Երևանը մեր տունն է, Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, ֆլան-ֆստան: Թեև, Նիկոլի սկզբունքով, երևանցիներին ոչինչ չի սպառնում, բայց Երևանին սպառնում է: Բա երևանցուն դժգույն ու դժբախտ քաղաք պե՞տք է, որ մի հատ էլ այդ քաղաքի պատճառով ընկնի լոկալ ք.քի մեջ: Ճիշտ չե՞մ ասում, պարոն Ավինյան, ո՛վ մեծդ մետրոշինարար:

Իսկ ի՞նչ է սպառնում Հայաստանին: Վայ ձեր տունը շինվի, դա էլ հա՞րց է: Ամեն ինչ, սկսած երկրագնդի հետնախորշերում քարշ գալուց, մինչև վերջնական վերացում: Բա չարքը հո հենց այնպես չեկա՞վ ու նստեց Հայաստանի ղեկին: Նա ծրագրով է չէ՞, եկել, ինչ-որ մեկի կամ մարդկանց ինչ-որ մի խմբի աջակցությամբ ու կառավարմամբ: Մենք այս չարքին ճանաչում էինք, կամ ավելի ճիշտ չէինք ճանաչում նույնքան, որքան նրան բերողին ու բերողներին: Բայց նրան մի այնպիսի լուսապսակով բերեցին, որ սրբերն անգամ երազում չէին տեսել: Մենք՝ 680 հազար անասուններս (ինձ էլ հաշվեք, խնդիր չկա) չհավատացինք անգամ 44-օրյա պատերազմում այդ չարքի ակնհայտ դավաճանությանը և անասունի համառությամբ կրկին ընտրեցինք: Ու ծիծաղեցին մեզ վրա: Ալիևը ծիծաղեց, Արևմուտքը ծիծաղեց, Արևելքը ծիծաղեց և անգամ ինքը՝ չարքը ծիծաղեց մեզ վրա: Կծիծաղեն, բա ի՞նչ կանեն, բա մեզ անասունի պես ենք պահել, մտածել ենք՝ մենք դրսում ենք, մեզ ոչինչ չի սպառնում, գոմի հերն էլ անիծած, թեկուզ վառվի: Ու հիմա էդ գոմի «պակրիշկեն» թռել է, ու գոմը վառվում է: Ի՞նչ անենք, շարունակենք անտարբեր հետևել, թե ինչպե՞ս է վառվում մեր տունը, մեր տանիքը, մեր Հայաստանը:

Մեզ հաճախ են մեղադրում նյութապաշտ ու նախանձ ազգ լինելու մեջ: Չարքը շատ լավ խաղաց մեր այդ հատկանիշների վրա՝ մեզ բաժանելով նախկին ունևորների և ներկա չունևորների: Խոստացավ ունևորների եղածը խլել ու տալ չունևորներին: Վայնասունը կատարյալ էր… 3 միլիոն վարչապետ… 5 տարի է անցել, չունևորն էլի չունևոր է, ունևորն էլի ունևոր: Ոչինչ չի փոխվել, բացառությամբ չարքի գլխավորած խունտայի կացությունից: «Տվել, «դամա են հելել տղեքը»՝ շքեղ ավտոմեքենաներ, առանձնատուն-դղյակներ, նորանոր բնակարաններ նորակառույցներում, փող, փող, փող՝ անհաշիվ: Ես կասեի սրանց ճարպկությունը տեսնելով՝ նախկինները անկյունում ծխում են… Եվ ո՞ւր է մեր նյութապաշտությունն ու նախանձը, ո՞ւր է մեր խելքը, որ չենք կարողանում հասկանալ, թե ինչու այսպես եղավ, ինչու այսպես արեցին և ինչո՞ւ են այսպես կառչել իշխանությունից ու ձեռքի տակ եղած բոլոր ուժային կառույցներով պահպանում այն:

Սկսեցի Փաշինյանի սատանայաբանությունից, դրանով էլ ավարտեմ: Ահավասիկ՝ արցախցիները: Նրանք էլ են հայեր, եթե չեք մոռացել: Եվ ուրեմն, ըստ Նիկոլի, արցախցիներին ոչինչ չի սպառնում, բայց Արցախին սպառնում է: Հիմա զգացի՞ք թե ինչ բոյի էշություն է դուրս տվել այս չարքը: Թե բա Արցախցիներ ջան, թեկուզ Արցախն էլ վերանա, ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Բայց ոչինչ, հայեր ջան, չարքն արդեն իր ահից է գոռում: Սրանք այն խոսքերն են, որ նա, որպես արդարացում, կրկնելու է դատարանում՝ ինչ լինում է, թող «պակրիշեն» թռած Հայաստանի ժեշտին լինի…». գրել է «Հրապարակ»-ը: