Sun. Aug 24th, 2025

Սիբիրի բանտերից մեկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի, գյումրեցի 27-ամյա երիտասարդը, թե ինչպես էր հասել Դոնեցկ եւ զոհվել այնտեղ, հարազատների համար հանելուկ է: Գևորգ Մարգարյանի դին Ռուսաստանի Դաշնությունն է Հայաստանին փոխանցել՝ զոհվելուց երեք ամիս անց: Մոտ մեկ շաբաթ է՝ որդուն հողին են հանձնել, բայց անորոշությունն ու վիշտը ծնողներին հանգիստ չի տալիս:

Գևորգի մոր՝ Կարինե Սիմոնյանի պատմելով՝ որդին բանակից զորացրվելուց հետո՝ 2016թ-ին արտագնա աշխատանքի է մեկնել եւ հենց այնտեղ էլ ինչ-որ պատմության մեջ ընկնելով՝ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Ընդամենը մի քանի ամիս էր մնում պատժի ավարտին: Վերջին անգամ Գևորգը ծնողների հետ խոսելիս ասել է, թե 6 ամսով զորավարժությունների են տանում, դրանից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել: Միայն օրեր առաջ զանգ են ստացել, հայտնել են որդու մահվան բոթը եւ հորը հանձնել դին: Հարազատների համար ահասկանալի է՝ ինչպես է իրենց ՀՀ քաղաքացիություն ունեցող որդին, որը ՌԴ քաղաքացի չէր, հայտնվել ռուսական բանակում, զոհվել ռազմաճակատում: 

Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ «Թոնգ Ջահոնի» միջազգային ՀԿ նախագահ Վալենտինա Չուպիկն ասում է․ «Եթե նախկինում դատապարտյալներին ստիպողաբար էին տանում ռազմաճակատ, հիմա նրանք տարբերակ  չունեն, գալիս է մեքենան, նրանց խցկում են ավտոխցիկն ու տանում: Մենք ստացել ենք նաև ահազանգեր ՀՀ քաղաքացիներից, որոնք չունեն ՌԴ քաղաքացիություն, նույնպես փորձել են տանել: Միգրանտները շատ խոցելի են, նրանք չգիտեն աշխարհագրություն, եւ դրանից օգտվելով նրանց տանում են նաև պատերազմական գոտիներ:Հայ միգրանտների մի խումբ էլ զանգել էր, ասում էին՝ իրենց առաջարկում են գնալ Լուգանսկ աշխատելու, ասացի՝ ոչ մի դեպքում չհամաձայնեք: Նրանց գայթակղում են բարձր աշխատավարձով կամ ՌԴ քաղաքացիություն տալով»,-նշում է իրավապաշտպանը: