Sun. Aug 17th, 2025

Նիկոլ Փաշինյանը իր իսկ մոգոնած քաղաքացու տոնի ուղերձը, ինչպես բոլոր ուղերձները համեմում է մի բառով, որն Աստվածաշնչում յոթ մեղքերից մեկն է համարվում։ Ասում է՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացիներ։ Հայերեն լեզվի բառագրքում «ամբարտավան» բառի դիմաց գրված է հետևյալ բացատրությունը. «Մի մարդ, որը հպարտ ու գոռոզ է»: Այս բառին իբրև հոմանիշ դրված են` «ինքնահավան» և «մեծամիտ» բառերը: Պոլսի Պատրիարք Պողոս Ադրիանուպոլսեցին իր «Խրատի Թանգարան» Գրքի «Հպարտություն» բաժնում ասում է.

«ԻԳ. Ամեն հպարտ կա’մ տգետ է, կամ հանդուգն: Տգետ է, որովհետև չունեցած բարին կարծում է, թե ունի, քանզի հպարտներին հատուկ է մտքով կուրանալ, և հանդուգն է, որովհետև ունեցած սակավ բարիքներով կամենում է ընկերների մեջ առավել բարձր երևալ, որով և արհամարհում է ուրիշներինէ իբրև բարիքներից զուրկ եղողներին»: Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյանը գրում է․ «Հեռո’ւ մնացեք յոթը մահացու մեղքերից մեկից`ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Ամեն»։ Պատմություն կա այդ մասին․ 

«Հին Հունաստանում ապրող մի ոմն իմաստուն ոսպ (աղքատի կերակուր) էր ուտում ծառի տակ: Նրան է մոտենում մի մեծահարուստ և հպարտ մի պալատական հռետոր ու ծաղրանքով խրատում. – Ո`վ իմաստուն մարդ, եթե դու քո խելացիությանդ հետ մի քիչ էլ շողոքորթություն ու հպարտություն ունենայիր և կարողանայիր կեղծավորություն անել, այժմ պալատում փառահեղ ճաշ կուտեիր:
Իմաստունը անվրդով պատասխանում է.

– Իսկ դու, ո՜վ ստախոս, եթե ոսպով բավարարվերիր, կարիք չէիր ունենա կեղծավորություն անելու և ստորանալու մեծերի առջև»:

Փաշինյանը ՀՀ քաղաքացուն հպարտ քաղաքացի է անվանում։  Նա այդպիսին համարում է ոչ թե հայ ժողովրդին, այլ իր հպարտ, ամբարտավան յուրայիններին։ Հայ ժողովուրդը ուժեղ, խելոք ժողովուրդ է և երբևէ  մեծամիտ չի եղել։ Եվ եթե ինչ որ բանով հպարտացել է, դա իր ազգային սրբությունները, մեծություններն են եղել, որ Փաշինյանը փոշիացրել է։ Հաղթանակած մարդիկ են հպարտ լինում, պարտվածը չի կարող հպարտ լինել։ Մենք հպարտ էինք, երբ Եռատոն ունեինք, հպարտ էինք մինչև քո գալը, իսկ հիմա ինչո՞վ ենք հպարտ։ Ինչո՞վ ենք հպարտ՝ քեզնո՞վ, Փաշինյան Նիկոլ։ Քո ամբարտավան թիմո՞վ ենք հպարտ, որ քաղաքացուն ստորացնում ու հողին է հավասարեցնում, ոստիկաններո՞վ,  զոհերի մայրերին քաշքշում են ու պաշտոն ստանում։ Պաշտոնյաներո՞վդ, որ ժողովրդից փող են քերում ու կառապանների պես աքացի տալիս ու հայհոյում։ Գուցե այն բանով, որ մի ողջ գենոֆոնդ պարկերի մեջ վերադարձրիր հայ ժողովրդին․․․