«Թևակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ՝ դիրքավորման կամ հիասթափության շրջան։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատներից շատերն այսօր կա՛մ թուլացրել են քննադատության չափաբաժինը, կա՛մ ընդհատակ անցել: Ասենք, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, որոշ իմաստով՝ նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նախկին բարձրաստիճան զինվորականներ Օնիկ Գասպարյանը և այլք։

Մարդիկ, որոնք ամիսներ առաջ անխնա քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, այսօր կա՛մ պասիվացել են ու մեղմ լեքսիկոն որդեգրել, կա՛մ ընդհատակ անցել։ Հանուն արդարության նշենք, որ նույն գծի մեջ է նաև ԱԺ ընդդիմությունը` իշխանության դեմ 1-2 խոսող է մնացել: Եվ անգամ սկանդալային իրադարձությունները նրանց չեն ստիպում իշխանություններին կտրուկ քննադատել և իրենց օգտին ծառայեցնել, օրինակ, քովիդի գծով բացահայտումները:

Պարզ է, որ մարդիկ չեն սիրում համառ և հետևողական պայքար մղել` կեսճանապարհից հոգնում են՝ համարելով, որ իրենց քննադատությամբ ոչինչ փոխել չեն կարող: Ոմանց էլ իշխանությունն է իր գործիքակազմով լռեցրել կամ «գնել». գրել է «Հրապարակ» թերթը:
