Sun. Jul 13th, 2025

Անհետ կորած զինծառայողների հարազատները Ազգային ժողովի մոտ փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ցանկանում են հանդիպել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

«Ուզում ենք հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ, բայց չի գալիս հանդիպման։ Նա հայտարարել է՝ ավարտվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, մենք էլ տուժողների իրավահաջորդներն ենք, օրինական իրավունք ունենք չէ՞, գանք ու հարցնենք՝ ինչ եք պարզել։ Մեզ պետք է պատասխան տան։

Հրապարակային ազգանուններ չեմ հնչեցնի, բայց շատ մարդիկ կան, ովքեր պետք է գային ու քննիչ հանձնաժողովում  հարցաքննվեին»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ անգամ են դիմել Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպելու համար։

«Այսօր իջել է օգնականը, ասել՝ 4 հոգու կընդունի։ Մենք ասացինք՝ 15-20 ծնող ենք, թող ինքը բարի լինի, բոլորին ընդունի, կամ կարող է իջնել այստեղ։ Հարցեր կան, որ բոլորս տանք։ Չեկավ, չի գալիս։

Թող գան ու պատասխանեն, թե ով է այս պատերազմի մեղավորը, ով տարավ, այսքան երեխու կոտորեց։ Թող ներկայացնեն, չիմանա՞նք՝ ով մեր երեխաներին տարավ, փրթեց, ով տարավ, թողեց անհայտության մեջ։ 174-ի ճակատագիր մինչ օրս անհայտ է։ Արդեն մոռացա՞ն»,- ասաց  Ղուկասյանը։