Ապրիլի 7-ին 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նախաձեռնությամբ Նկարիչների միությունում կազմակերպվել էր հերոս տղաների նկարների ցուցահանդես: Ցուցադրվում էին զոհված զինծառայողներին պատկերող գեղանկարները: 44-օրյա պատերազմում նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը, մեզ հետ զրույցում պատմում է, որ օրը պատահական չեն ընտրել, ապրիլի 7-ը Մայրության եւ գեղեցկության տոնն է` այդ օրն իրենց որդիներից պետք է ծաղիկներ ու նվերներ ստանային, բայց քանի որ տղաները հերոսի մահով ընկան, իրենք են պարտավոր «տոն» օրերին տղաների ներկայությունն ապահովել իրենց շուրջ եւ մեր կյանքում: ««Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունն է նման հարցերում մեր կողքին կանգնած: 2022-ի աշնանն էլ նման մի ցուցահանդես կազմակերպվել էր Օպերայի բակում: Պետք է մեր տղաներին ճանաչեն բոլորը, նրանց դեմքերը պետք է անգիր բոլորը հիշեն»,- ասում է զոհվածի մայրը:

-Վարչապետի կինը վերջերս հայտարարեց, որ Հայաստանում կա ավելի քան 11 հազար դասալիք, եւ հանդիմանեց տղամարդկանց, որ ընդամենը 4 հազար զոհ ենք տվել, իսկ 500 հազարը խուսափել է պատերազմ գնալուց:
-Դասալիքների մասին խոսում է մեկը, ով կատարվածի ամենամեծ մեղավորներից մեկն է: Իր ամուսին կոչեցյալը նախ սկզբում մեղքը փորձում էր բարդել կամավոր տղաների վրա, բայց հետո վախեցան նույն կամավորների արձագանքից: Երեւի բոլորն էլ հիշում են, թե որքան կամավորականների չթողեցին անգամ Արցախ մտնել…. Իմ տղան առանց անձնագրի, առանց հեռախոսի, առանց որեւէ բանի կամավորագրվել է երկրորդ անգամ: Վիրավոր հանելու ժամանակ անձնագիր, հեռախոս, փաստաթղթեր լրիվ շպրտել է մի կողմ: Իմ որդին ամեն ինչ արել է իր հողը, իր հայրենիքը պաշտպանելու համար: Կամավորներին հանգիստ թողեցինանցան զորքին, ասելով, թե զորքը չի կռվել: Բա եթե զորքը չի կռվել, բա էսքան զոհ ո՞նց տվեցինք: Դրանից էլ անցան, ասացին, որ 25 հազար հայի կյանք են փրկել՝ հանձնելով երկիրը: Հիմա եկել դասալիքներից եք խոսում: Էդ տղաները ձեզ խնդրե՞լ են, որ կյանք փրկեք ու վերջում ասեք
դասալիք էին: Ո՞ր դավաճանին են մինչեւ հիմա պատժել, իրենցից սկսած: Ամենադաժան դատաստանին են սրանք արժանանալու: Առաջին հերթին պետք է խոսել, թե այս իշխանություն կոչվածի մեջ քանի ծառայած տղամարդ կա: Եթե դուք չեք ծառայել բանակում, ո՞նց եք ձեզ թույլ տալիս որոշել զինվորի ճակատագիրը: Դուք ո՞վ եք ընդհանրապես, ի՞նչ իրավունք ունեք: Բոլորի արածները փորձում են արժեզրկել, Բեկորի հերոսություններից սկսած` Լեոնիդ Ազգալդյանի հերոսություններով վերջացրած: Ես մի բան կարող եմ հստակ ասել. թուրքն այդքան վատություն մեզ չի անում, որքան սրանք: Սրանք նպատակային ոչնչացնում են ամեն ինչ: Սրանք, կարծես, թուրք լինեն, որովհետեւ միայն թուրքն է տարիներ շարունակ հային այսքան վատություն անելու մասին երազել: Ես՝ ինքս, արցախցի եմ, երբեք մի թուրքի չեմ հանդիպել իմ կյանքում, որ կարողանա գլուխը բարձր հային նայել:

-Այժմ թշնամին հասել է Սյունիք՝ Տեղ գյուղ, զավթել է գյուղի վարելահողերը:
-Թուրքին պետք է աչք ցույց տալ, ատամ ցույց տալ: Թուրքը նույն վախկոտն է: Եթե այսպես շարունակվեց, ինչ ուզեն, անելու են, ումի՞ց պետք է վախենան, սրանցի՞ց: Արդեն չգիտեմ հայ ազգին ինչ անուն տամ, էլ ազգ չեմ կարողանում ասել, ասում եմ՝ ժողովուրդ, ամբոխ: Ինչի՞ են սպասում, ո՞ւմ են սպասում: Սպասում ենթուրքը գա հասնի իրենց տուն, դուռը թակի, իրենց տնից հանի՞, դրա՞ն են սպասում: Ես վարձով եմ ապրում: Իմ տղան գնաց հողը պաշտպանելու, ընկավ, բայց էս հողի վրա մի քառակուսի մետր հող չուներ: Այսօր գիտե՞ք ինչպես են վերաբերվում վարձով ապրողներին: Բնակարանների գները սարսափելի թանկացել են: Ես հիմա ստիպված՝ վարձի թանկացման պատճառով, թողնում եմ այն տունը, որտեղ ապրել եմ 10 տարուց ավելի, որտեղ իմ հերոս որդու հետ կապված բոլոր հիշողություններն են ապրում, ու գնում եմ այլ տեղ: Շատ տարիներ առաջ այդ տան մեկ ամսվա արժեքը 25-30 հազար դրամ էր, հետո դարձավ 50 հազար: 2020 թվականին 50 հազարը
70 հազար, այս տարվա ձմռանն էլ դարձրին 100 հազար դրամ, այսօր էլ ասում են130 հազար դրամ է: Այս տունն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ իմ որդու անկյունն այստեղ է: Իմ որդու անկյունն այսօր չգիտեմ որտեղ տանեմ, ոնց տանեմ…. 22 տարի է՝ ապրում եմ Մասիս քաղաքում, սակայն իմ անկյունը չունեմ: Ամուսինս էլ է մանկավարժ, ես էլ, բոլորս աշխատում ենք, այնպես չէ, որ տանը նստած պահանջներ ենք ներկայացնում, սակայն մանկավարժի ցածր աշխատավարձով տուն գնել հնարավոր չէ: Մեր համայնքապետը շատ լավ մարդ է, ինձ աջակցում է, սակայն ես ինչքա՞ն կարող եմ այդ մարդուց օգնություն վերցնել: Ես հիմա խնդրում եմ՝ եթե կան բարեգործներ, գոնե օգնեն
տուն գնեմ հիպոթեքով, որ այդ 100 հազար դրամը, որ վարձ եմ տալիս, տամ բնակարանի վարկին: Չեմ ասում՝ ինձ տուն տան, օգնեն` ես գնեմ: Հայաստանում այնպիսի պայմաններ են, որ անգամ հիվանդանալ չի կարելի:
