Հարցազրույց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ
-Տեր հայր, իրավիճակը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններին օր-օրի ավելի է լարվում, ադրբեջանցիներն արդեն Սյունիքում մարդկանց տներն են մտնում, վարելահողեր են զավթում, իսկ նախօրեին էլ հրետանի կիրառեցին Տեղ գյուղի ուղղությամբ, որի հետեւանքով ունեցանք զոհեր եւ վիրավորներ, Այսպես մինչեւ ե՞րբ։
-Ես շատ արդիական մի առակով պատասխանեմ Ձեզ․ գայլերը նամակ են գրում ոչխարներին, ասելով՝ մեր հազարամյա խաղաղությունը հաստատելու համար մեզ խանգարում են հովիվներն ու հովվաշները, նրանց հեռացրեք, ու մենք հազարամյա խաղաղության ուխտ կանենք իրար հետ։ Ոչխարներն այդ նամակը մեծ ուրախությամբ են ընդունում, ի վերջո՝ հովիվներին ու հովվաշներին վտարում են իրենց կողքից եւ դրա մասին տեղյակ են պահում գայլերին, ովքեր նամակը ստանալուն պես գալիս են ու ոչխարներին ուտում։ Այս առակը թող ի գիտություն լինի բոլորիս համար, հատկապես նրանց, ովքեր ասում են՝ խաղաղության պայմանագիր, ու դա՝ այն դեպքում, որ 1050թ․-ից թուրքը հային կոտորում է։
-Փաստացի, 44-օրյա պատերազմից հետո ոչ միայն խաղաղություն չհաստատվեց, այլեւ թշնամին գնալով էլ ավելի առաջացավ՝ պատճառ դառնալով նոր զոհերի, զավթելով նոր տարածքներ, շրջափակելով ու կտրելով Արցախը Հայաստանից։ Այս ամենն ինչի՞ հետեւանք է։

-Նախ՝ հողերի զավթումից խոսեմ. վերջերս սատանիստներից մեկի գրառումն էի կարդում՝ Թրամփի, Պուտինի եւ գաղտնի կառավարության մասին, տեսեք, թե սա ինչ է ասել դեռ մի 30 տարի առաջ, իսկ ասել է, որ մենք մարդկանց կհեռացնենք իրենց հավատքից ու ամեն տեսակի պղծություն կներմուծենք իրենց մեջ։ Իրեն հակադարձում են, որ այդպես չի կարող լինել, որովհետեւ մարդիկ ունեն դարերով եկած հավատք, տրադիցիա, որին հետեւում են, բայց գիտե՞ք նա ինչ է ասում․ գորտին որ գցեք եռացրած ջրի մեջ, ինքը կփախչի, դրա համար գորտին նախ պետք է սառը ջրի մեջ գցես, հետո՝ մի քիչ տաք, հետո՝ ավելի տաքի մեջ ու այդպես աստիճանաբար իրեն կեփես, ու ինքը չի իմանա, որ դու իրեն եփում ես։ Զգո՞ւմ եք՝ հիմա ինչ են անում, այդպես քիչ-քիչ մարդը ոչինչ չի զգում, արդյունքում՝ քիչ-քիչ մեզ եփում են։
-Արդյունքում նաեւ մարդկանց զգոնությունն են թուլացնում, Դուք նկատո՞ւմ եք այդ միտումը։
-Տեսեք, «տոլերանտ» բառը բժշկական տերմին է եւ նշանակում է մարմնի իմունային համակարգի անտարբերություն վիրուսների, որդերի, բակտերիաների հանդեպ։ Ես էլի առակներով պիտի խոսեմ․ մարդու օրգանիզմի մեջ վիրուսները, որդերը, բակտերիաները բողոքում են, ասում են՝ իմունիտետը մեզ խանգարում է, որ մենք աճենք, բազմանանք։ Մեծ բողոք է լինում, եւ, ի վերջո, իմունիտետին քնացնում են, եւ վիրուսները, որդերը, բակտերիաները սկսում են զարգանալ, հետո տեսնում են՝ մութ է ու ցուրտ, պարզվում է՝ այդ օրգանիզմն արդեն մեռել է։ Այս իրավիճակը, որ հիմա մենք տեսնում ենք մեր ազգի մեջ, սա է, բայց չմոռանանք, որ մեդիադաշտը բավականին մեծ դերակատարում ունի։ Օրինակի համար, սրանից մի 50 տարի առաջ այսպիսի մի գիտափորձ են արել Ամերիկայի նահանգներից մեկում։ Ամեն օր հեռուստացույցով ցույց են տվել անբարոյականություն ու կողոպուտ, դրանք եղել են իրական կադրեր՝ ֆիլմերի, հաղորդումների տեսքով, որի արդյունքում 70 տոկոսով այդ նահանգում ավելացել են անբարոյականությունն ու կողոպուտը։ Հետո ավտովթարներ են ցույց տվել, 2 ամսվա մեջ 65-70 տոկոսով տարբեր քաղաքներում ավելացել են ավտովթարները։ Ի՞նչ եզրակացության են եկել. որ մարդն ինչ տեսնում է, ենթագիտակցության մեջ մնում է, ու հետո վարքագծով արտահայտում է։ Արիստոտելն ասում էր՝ մարդը նմանակող էակ է, իսկ Գրիգոր Տաթեւացին ասում էր՝ մարդը սպունգի նման է, ինչ տեսնում է՝ քաշում է։ Մեր այսօրվա վիճակը սա է․ ժողովուրդը կանգնած է ցեղասպանության առաջ։

-Այս իրավիճակում յուրաքանչյուրիս անելիքը ո՞րը պետք է լինի, ինչպե՞ս կարող ենք շտկել մեր մեջքը եւ կանխել մոտեցող արհավիրքը։
-Ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմից, ես բազմիցս ասել եմ, որ մեկ շաբաթ առաջ տեսել եմ, թե ինչպես է այդ պատերազմը սկսվում եւ ավարտվում, ինչ դավադրություն կա դրա հետեւում եւ այլն։ Դա մի բան էր, որ նախօրոք պլանավորված էր, ու այս վերջին օրերի դեպքերն էլ որ նայում ենք, ինձ մի հարց է հետաքրքրում՝ դեռ ոչ մի բան չկար, ինչո՞ւ էին Եռաբլուրում 7 փոս փորել, այսինքն՝ 7 զոհի «ակնկալիք» ունեին՝ չստացվե՞ց։ Այդ հարցն այս օրերին Գորիսում մարդիկ են ինձ ուղղել, ասում են՝ փաստորեն, իրենց նպատակը չիրականացավ, 7 զոհ էին ուզում՝ չեղավ, իսկ 7-ը մեր քրիստոնեության մեջ հավերժության խորհրդանիշն է, այսինքն՝ հավերժ պետք է հայը զոհվի՞։ Կամ՝ մի հրեշ կար, որը 2 կակաչ էր ջրում, մշակում, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր, բահն էլ, եթե նայում ես, սրի նման էր։ Հիմա ոնց որ անմոռուկն է մեզ մոտ ցեղասպանության խորհրդանիշ, իրենց մոտ էլ՝ Թուրքիայում, կակաչն է ազգային խորհրդանիշ, այսինքն, ինքը ջրում էր Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեծ ու փոքր կակաչները։ Իսկ թե ինչու էր բահը սրի նման, Էրդողանի խոսքը որ լսեք, կհասկանաք․ ասում է՝ դուք սրից փախածներ եք։ Ես 2005-ից եմ այս ամեն ինչը տեսել, դրա դեմ պայքարել եմ, որ այդ սահմանադրությունը չանցնի, Աստված ինձ դա ցույց է տվել ու հիմա էլ է ցույց տալիս, թե ինչ է լինելու, բայց չեմ կարող ասել, ինչ ասում եմ՝ իմ համայնքին եմ ասում, որ գնան ու անեն։
-Գուցե, Ձեր համայնքից բացի, նաեւ ողջ հայությանն ասեք՝ ո՞րն է ելքն այս իրավիճակից։
-Ես ասացի տոլերանտության առակով, այդ բակտերիաները, վիրուսներն ովքե՞ր են՝ աղանդավորները, սորոսականները, նայեք մի հատ՝ իրենք ինչ պաշտոնների են։ Դեռեւս 1846-ին սուլթան Աբդուլ Մեջիդը, տեսնելով, որ այդ ավետարանչականները զենք չեն վերցնում, չեն պայքարում, ավելին՝ խաղաղության կողմնակից են, Արեւմուտքից հրավիրում է Արեւմտյան Հայաստան, 200 կգ ոսկի է տալիս, մեծ բաներ է խոստանում ու ասում է՝ ձեր հավատքին դարձրեք այս ազգին։ Արդյունքում 1915-ին ցեղասպանությունը պատրաստ էր, այսինքն՝ ազգի պայքարի ոգին ջարդել էին արդեն։ Ասեմ, որ մինչեւ քահանա դառնալս նախ սովորել եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում, այսինքն՝ այն, ինչ ասում եմ, գիտակցված եմ ասում։ Հիմա այսօր նույն բանն է տեղի ունենում, նույն աղանդավորներն ու այլասերվածներն իշխանության են, սորոսականներն էլ անհայրենիք գլոբալիստներ են։
Ամեն մեղք ունի իր հետեւանքը․ սուտը, հայհոյությունը, նախանձը, անառակությունը, հպարտությունը, չկա մեղք, որ հետեւանք չծնի։ Բազմիցս եմ ասել՝ «հպարտություն»-ից հանեք «հ» տառը, տակը կմնա «պարտություն»-ը։ Մեր 2-րդ դարի սրբերը հպարտությանն ասում են՝ հրեշակի պարտություն, իսկ առաջին հպարտը եղել է սատանան։ Եթե մենք նայում ենք «հպարտ քաղաքացուն», ապա տեսնում ենք պարտված քաղաքացուն, ձեռքերը բաց՝ գնաց ընկավ թուրքին գերի։ Իսկ երբ դագաղներ էին պտտում, հիմա տեսնում եք, որ մինչեւ այսօր մեր զինվորների դագաղներն են պտտում, կամ երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուների վրա մարդկանց անուններն էին գրում, հիմա այդ անունները չգրվեցի՞ն Եռաբլուրում, դուք մտածում եք, որ դա հենց այնպե՞ս էր։
-Ձեր հոգեւոր ուղերձն այսօր ո՞րն է մեր ժողովրդին, ով անցավ ու դեռ անցնում է պատերազմի արհավիրքների միջով։
-Ես իրականում տեսել եմ, թե ինչպես են մեր երկիրը ներսից ու դրսից խոցում, բայց Հիսուսը մեր երկիրն իր ձեռքերով պահում է։ Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ ֆլեշմոբ էին անում, որ «Հաղթելու ենք», ես իմ համայնքին ամեն կիրակի ասում էի՝ ժողովուրդ, ճիշտ են ասում, իրենք մեզ հաղթելու են, թուրքը գալու է Գորիսի տակ նստի, ու երբ նոյեմբերի 9-ին ստորագրեցին այդ համաձայնագիրը, ինձ Գորիսից 3 տղա մոտեցան ու ասացին՝ Տեր հայր, բա ասում էիր՝ թուրքը գալու է Գորիսի տակ նստի, ասացի՝ մի քիչ սպասեք, եկա՞վ․․․։ Ուրեմն այն, ինչ ասում եմ, լուրջ ընդունեք, օդից բաներ չեմ ասում։ Մենք մեծ Հայաստանի կերտման պատմական շրջանի մեջ ենք, շատ մեծ կրակի միջով ենք անցնելու, բայց մեր երկիրն ունենալու ենք ամբողջական, մեղսագործները, անշուշտ, պատժվելու են, գլխավոր մեղսագործին անգլիացիները կուղարկեն դժոխք, մնացած մեղսագործներն էլ իրենց արժանի պատիժը կստանան։
