Sun. Aug 24th, 2025

Ազգային ժողովում Թագուհի Թովմասյանի կազմակերպած քաղաքական ակցիայից հետո, որում նա հայտարարեց, որ չի իջնելու ամբիոնից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցներն ընդդիմադիր պատգամավորներին բռնի ուժով դուրս հանեցին նիստերի դահլիճից։

Ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնում մոտեցել էին Թագուհի Թովմասյանին, որպեսզի թույլ չտան անվտանգության աշխատակիցներին՝ դուրս հանել նրան նիստերի դահլիճից։

«Ով որ մոտենա այստեղ, Արեգնազով, Աննայով հանեք դուրս։ Հանկարծ մտքներով չանցնի, որ այստեղ կարող եք ինչ-որ բան թելադրել»,- ասաց Սիմոնյանը։

Դրանից հետո ՊՊԾ-ականները բռնի ուժով հեռացրին պատգամավորներին։

Ավելի վաղ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասել էր Թովմասյանը։