Sun. Aug 24th, 2025

Երեկ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Վալենսիայի Միսլատա քաղաքում գտնվող «Կենաց խաչ» հուշակոթողի մոտ։ Ավելի քան 200 հայ, իսպանացի և այլազգի ներկաները ծաղիկներ են զետեղել, մոմավառություն և խնկարկում կատարել  ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արարողությունն սկսվեց մեկ րոպե լռությամբ, որից հետո բացման խոսքով հանդես եկավ «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ Նա իր խոսքում հակիրճ պատմել եւ ակնարկ է կատարել ցեղասպանության, նրա պատճառների և հետևանքների մասին, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել այն 6 մարզերին և 40 քաղաքներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և հորդորել այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Իսպանիայի կենտրոնական իշխանությանը նույնպես ճանաչել XX դարի առաջին ցեղասպանությունը։ Ղուկասյանի խոսքին հետևել են Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների և ուսուցիչների ելույթները, հնչել «Կռունկը»` ջութակի կատարմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Միսլատայի քաղաքապետարանի բոլոր 4 կուսակցությունների խոսնակները, ովքեր իրենց խոսքում խոստացել են  շարունակել պայքարը` Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։