2016 թվականի ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց․ «Այսօր2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով
նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը»:

Սա ի՞նչ էր նշանակում։ Որ ցեղասպանություն կամ բնաջնջում թույլ չտալու համար հայոց միասնականությունն է պետք։ Մասնատված, հատվածաբար գործող, անմիաբան ժողովրդին սպառնում է ցեղասպանությունը, բռնագաղթեցումը։
Նիկոլ Փաշինյանը ներմուծումը հենց դրա համար արվեց՝ պառակտել հայոց միասնականությունը, որը հաղթանակի ոգին էր։ 2018-ին իշխանության բերվեց նա, ով մահապարտի պես պատրաստ էր պառակտել հայոց միասնականությունը, կոտրել հայ ժողովրդի պայքարի ոգին։ Ատելության, թշնամանքի երգը շուրթերին Փաշինյանը հրապարակ նետվեց։ Հենց առաջին օրվանից հանրությանը բաժանեց սև ու սպիտակի։ Ցեց գցեց ժողովրդի մեջ։ Հետո սատանաներ էր փնտրում, առ այսօր փակ սենյակներում կատուներ է փնտրում։ Պատերազմի գլխին ինքն է կանգնած եղել, ինքն է եղել գերագույն հրամանատարը, բայց նոթատետրով դավաճաններ է փնտրում ու հետապնդում։ Պարտության համար մեղադրում է հիմա էլ հինգերորդ շարասյուն կոչվող ենթադրյալ կազմակերպությանը, զինվորականությանը։ Ազգը պառակտված է, եկեղեցին՝ որպես ազգը միավորող միակ գործոն, Նիկոլի գալուց առ այսօր գոյապահպանության խնդիրների մեջ է։ Խախտվել է հայոց միասնականությունը, այն, ինչ թշնամու երազանքն էր։ Ու այսօր այլ տեղ պարտություն փնտրել պետք չէ։ Ազգի պառակտմամբ ապահովվել է պատերազմի պարտությունը։

Խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից հետո իշխանության գոյությունը ապահովում են ուժային կառույցները։ Հայաստանում ոստիկանական, անվտանգային, ուժային ողջ կառույցները, ինչու չէ նաև պարեկային ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ անվտանգ պահել Նիկոլ Փաշինյանի աթոռը։ Հենց ինքն էլ խոստովանում է, որ Հայաստանն ունի սահմանների անվտանգության խնդիր։ Այդ խնդիրը ավելի սուր է զգացվելու, որովհետև իշխանությունը պահելու համար ավելի մեծ ուժեր են պահանջվելու։ Այս պարագայում խոսել սահմանները պահելու մասին, անմտություն է։ Սահմաններն ամրացնելուց ավելի հույժ կարևոր խնդիր կա՝ պահել իշխանությունը։
