Thu. Aug 21st, 2025

Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետեւ Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում․ այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Տեսանյութի մեջ երեւում է, որ երբ ադրբեջանցիների ավտոմեքենան մտնում է Հայաստանի սուվերեն տարածք,գալիս, մոտենում է հայ զինվորներին, սկսվում է հրմշտոց, այնուհետեւ ադրբեջանցիներն առաջինը կրակում են եւ էսկալացիան տեղի է ունենում հենց դրա պատճառով: Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում պրովոկացիա է կազմակերպել, արդյունքում էլ ունենք ստեղված իրավիճակը ռազմաքաղաքական առումով»,-ասել է նա։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին։

«Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով նաև  հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը նախապատրաստում է եւ այս միջադեպը տեղի է ունեցել  այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ:  Այսինքն՝  Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, պլանի մի մաս է կազմում այս պրովոկացիան, որը տեղի է ունեցել ՀՀ տարածքում»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը: