Sat. Aug 23rd, 2025

«Հուզականության դաշտում էր, երբ մի ապուշ այրեց Ադրբեջանի դրոշը», ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիզայներ Արամ Նիկոլյանի իրականացրած ակցիայինծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ ադրբեջանական դրոշը այրելուն: «Եւ մի ուրիշ ապուշ էլ «Հայելի» ակումբում սկսում է թվարկել, թե տեսեք ադրբեջանցիները Հունգարիայում էս արեցին, Չեխիայում էն արեցին հայերի նկատմամբ։ Եւ այս ապուշը իր էշությամբ չի կարողանում հասկանալ, որ ․․․այո, եթե այդքան տղամարդ եք, դուք էլ դրսում արեք», ասաց պատգամավորը: «Ադրբեջանը երբեք իր երկրի ներսում մեր դրոշը չի այրել, մեզանից ավելի քաղաքակիրթ է եղել։ Եւ այսօր ծափահարել մի ապուշի, որը դրոշ է արել ու հայտարարում է, թե հայրենասիրական քայլ է արել, ծիծաղելի է»։ Պատգամավորը պատմել է, որ ինքն առաջին ապտակը ստացել է 8-րդ դասարանում` Բամբակաշատի դպրոցի փոխտնօրենի կողմից, որն իրեն ապտակել է քարտեզի վրայից Թուրքիան կտրելու համար․

«14-15 տարեկան տղա էի, ես կտրեցի Թուրքիան, ասեցի` չեմ ուզում տեսնել, ապտակ կերա, հետո ստիպված եղա նոր քարտեզ գնել, ու այդ ժամանակ ուղեղիս հասավ, որ Թուրքիային չեմ վնասում»։ Մեր հիշեցմանը, որ պատերազմի վերքերը դեռ թարմ են, ադրբեջանցին այսօր մեր հողում մեր հայրենակիցներին է սպանում, իսկ իրենց իշխանությունը ցեղասպանի դրոշն է ծածանում․ «Նույնիսկ այս իրավիճակներում հուզական հոգեբանությունից պետք է դուրս գալ», պնդեց ՔՊ-ականը․ «Եթե ուզում ես պետություն կառուցել, պետք է հուզականությունից դուրս գալ»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին Բաքվում ընթացող բռնցքամարտի առաջնության ժամանակ, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները, ներխուժելով Հ. Ալիեւի անվան մարզական համալիր, սկսել են քարեր նետել այդ պահին ելույթ ունեցող հայ մարզիկների վրա: Նրանք սկսել են բղավել «Հայեր, հեռացեք», «Ղարաբաղ կամ մահ», «Ամոթ հրավիրողներին» եւ քարեր են նետել ռինգ: Մրցամարտը դադարեցվել է, հայ բռնցքամարտիկը, մրցավարական կազմը լքել են դահլիճը: Կազմակերպության ղեկավար Ակիֆ Նաղին հայտարարել է, որ իրենք մի քանի օր նախապատրաստվել են այդ ակցիային, որի նպատակը մրցամարտին հայ մարզիկների մասնակցությանը խոչընդոտելն է: Նա հայտարարել է նաեւ, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին, որ ստեղծված իրավիճակում, «երբ կա հայ – ադրբեջանական չկարգավորված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իր ղեկավարած կառույցը «չի հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»։

«Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստներին ոստիկանություն են տարել, բաժանմունքում երկու ժամ պահել եւ ազատ են արձակել։
«Եթե մեր ձայնը չլսեն, մենք կանցկացնենք բողոքի ավելի արմատական ակցիաներ», – սպառնացել է Նաղին։